Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել լարվածության սրումը և առճակատման հրահրումը Հարավչինական ծովում։ Այդ մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է Սինհուան։

Նա այս հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի մամուլի հաղորդագրությունը, որը տեղական ժամանակով հրապարակվել էր օգոստոսի 8-ին։

Փաստաթղթում Վաշինգտոնը հայտարարել է, որ մերժում է Չինաստանի փորձերը՝ ստեղծելու ազգային բնության արգելոց Հուանյան կղզում և զրկելու ֆիլիպինցի ձկնորսներին իրենց «ավանդական ձկնորսական վայրեր» հասանելիությունից՝ համաձայն այսպես կոչված 2016 թվականի Հարավչինական ծովի վերաբերյալ արբիտրաժային որոշման ձևակերպումների։

Գո Ցզյակունի խոսքով՝ Հուանյան կղզին Չինաստանի բնիկ տարածքն է, իսկ այնտեղ ազգային բնության արգելոցի ստեղծումն ու կառավարումը վերաբերում են ՉԺՀ-ի ինքնիշխան իրավասության շրջանակին մտնող հարցերին։

«Միացյալ Նահանգները իրավունք չունեն այս հարցի վերաբերյալ անպատասխանատու հայտարարություններ անելու և առավել ևս իրավունք չունեն պաշտպանել Ֆիլիպիններին՝ հիմնվելով այսպես կոչված Հարավչինական ծովի վերաբերյալ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող արբիտրաժային որոշման վրա», — հայտարարել է դիվանագետը։

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նաև կոչ է արել Վաշինգտոնին դադարեցնել կրկին հղում անել այդ՝ Պեկինի գնահատմամբ ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող «որոշմանը», ինչպես նաև դադարել ծովային գործունեության հետ կապված հարցերն օգտագործել Չինաստանին զրպարտելու և վարկաբեկելու համար։

Share.