Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուրը կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«TRIPP նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այն նաև վերաբերում է գազատարին։ Այսինքն ՝ դրա շրջանակներում Հայաստանի տարածքով գազամուղ է անցնելու։ Եվ դա ևս մեկ հնարավորություն է որպես լրացուցիչ գազի աղբյուր»,– ասաց Խանդանյանը ու հավելեց, որ թեև ամեն ինչ դեռ տեսական է, բայց գործնականում դա դժվար չէ իրականացնել։
ՔՊ–ական պատգամավորը չբացառեց, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա նրա խոսքով ՝ եթե գնի վերանայման հարց առաջանա, ապա Հայաստանը բարեկամաբար կքննարկի հարցը ռուս գործընկերների հետ։ Սակայն, նրա կարծիքով, դիվերսիֆիկացիան այս հարցում կարևոր է։
Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` Իրան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:
Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
