Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կանգնած է բարդ ընտրության առաջ․ շարունակել հակադրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ վտանգելով ամերիկյան ռազմական աջակցությունը, թե զիջումների գնալ՝ հնարավոր է վնասելով Ուկրաինայի դիրքերը Ռուսաստանի հետ պատերազմում։
POLITICO-ի վերլուծության համաձայն՝ Վաշինգտոնը կարող է ճնշում գործադրել Կիևի վրա՝ ընդհուպ մինչև Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող Starlink արբանյակային կապի անջատման հարցը։
Լարվածությունը սրվել է այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից միլիոնավոր տոննա դիզվառելիք գնելու և այդ նպատակով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները մեղմելու մտադրության մասին։ Զելենսկին գործարքն անվանել է «թույլ որոշում» և «նվեր Պուտինին»՝ պնդելով, որ այն կօգնի ֆինանսավորել Ռուսաստանի պատերազմը։
Դրան զուգահեռ՝ Ուկրաինան շարունակել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ չնայած Թրամփի պահանջին՝ դադարեցնել դրանք։
Հակամարտության խորացումը կարող է Ուկրաինայի համար լուրջ հետևանքներ ունենալ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանցումը կամ ճնշում գործադրել SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից լայնորեն օգտագործվող Starlink կապի ծառայությունն անջատելու համար։
Starlink-ի հասանելիության կորուստը կարող է լրջորեն բարդացնել ուկրաինական բանակի հաղորդակցությունը և ռազմական գործողությունների համակարգումը։ Ուկրաինան նաև կարող է բախվել ամերիկյան զենքի մատակարարումների նոր խոչընդոտների, քանի որ Թրամփի վարչակազմը, ըստ Financial Times-ի, սպառնացել է դադարեցնել այն ծրագիրը, որի միջոցով դաշնակիցները ԱՄՆ-ից զենք են գնում Ուկրաինայի համար։
Այնուամենայնիվ, Զելենսկին չի պատրաստվում զիջել։ Նա հայտարարել է, որ Ուկրաինան կդադարեցնի Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածները միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի ուղղությամբ օդային հարձակումները։
