Թբիլիսիի ջրամբարում սկսել են հայկական իշխան բուծել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են «Նավթլուղի» ձկան շուկայի վաճառողները։
Sputnik Արմենիայի թղթակիցը վաճառողներից հետաքրքրվել է՝ արդյոք իշխանն արդեն վաճառքի է հանվել։ Պարզվել է, որ այն դեռևս չի հասել վաճառասեղաններ։ Ներկայում շուկայում վաճառվում է միայն սիգ՝ թարմ և ապխտած։ Ապխտած սիգի մեկ կիլոգրամն արժե 5 լարի (մոտ 2 ԱՄՆ դոլար), իսկ կենդանի սիգինը՝ 13 լարի (մոտ 5 ԱՄՆ դոլար)։
«Դեռ վաղ է ասել, թե ինչ արդյունք կտա այս ծրագիրը։ Իշխանի բուծումը մեր «ծովում» նոր է սկսվել», – ասել է վաճառողներից մեկը։
Նրա խոսքով՝ նախաձեռնողները հայեր են։ Եթե փորձը հաջող լինի, ապա տեղական շուկան հնարավոր կլինի ապահովել հենց տեղական արտադրության իշխանով։
Մեկ այլ վաճառող նույնպես հաստատել է, որ հայկական իշխանն առայժմ վաճառքում չկա, թեև դրա պահանջարկը կա։
«Սևանից միայն սիգ են բերում․ այն համեղ է և որակյալ։ Իսկ իշխանն իրենց մոտ էլ է սակավ, չեմ կարծում, թե կկարողանան այստեղ բերել»,– ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը հայտնել էր, որ վրացական կողմի հետ հաջողությամբ ավարտվել են հայկական ձկնային արտադրանքի արտահանման վերաբերյալ բանակցությունները։
