Ամերիկյան «Boeing» աերոտիեզերական ընկերությունը նախատեսում է այպիսի համակարգ մշակել, որը կպաշտպանի ինքնաթիռները պատահական և միտումնավոր վթարներից։ Այս մասին, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է «Wall Street Journal» պարբերականը։

Ինչպես գրում է թերթը, «Flydubai» ընկերության ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի ֆոնին «Boeing»-ի ղեկավարությունը միտումնավոր վթարների սպառնալիքը դիտարկում է որպես առևտրային ավիացիայում մահացու ելքով պատահարների հիմնական պատճառներից մեկը։ Ընկերությունը ցանկանում է հաշվի առնել այս ռիսկը նոր սերնդի ինքնաթիռներ նախագծելիս։

««Boeing»-ը նախատեսում է օդաչուներին թողնել նոր ինքնաթիռները կառավարելու վերջնական որոշման իրավունքը, սակայն ակնկալվում է, որ դրանց ժամանակակից համակարգիչները կհամալրվեն ինքնաշխատ պաշտպանական նոր համակարգերով, որոնք կդժվարացնեն պատահական կամ միտումնավոր աղետի հրահրումը»,- նշում է հրատարակությունը։

Պարբերականը հիշեցնում է, որ դեռևս 2006 թվականին «Boeing»-ն արտոնագրել էր ինքնաթիռների հեռակա ավտոպիլոտավորման համակարգը։ Առևանգման փորձի դեպքում այն անջատելու էր օդաչուների կողմից օդանավի կառավարումը։ Այնուամենայնիվ, ըստ թերթի, ուղևորատար ինքնաթիռներում նման համակարգեր այդպես էլ չեն ներդրվե։

«Boeing»-ը հրաժարվել է պարբերականին մեկնաբանություններ տալ միտումնավոր վթարների կանխարգելման թեմայով, սակայն հայտարարել է, որ աջակցում է օդաչուների հոգեկան առողջության վերաբերյալ Կոնգրեսի օրենսդրական նախաձեռնություններին։

Share.