Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը TGRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելը դիտարկում է Սիրիայի դեմ ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը՝ որպես պատրվակ օգտագործելով դրուզ բնակչության շուրջ ստեղծված իրավիճակը։
Ըստ Ֆիդանի, Իսրայելն աջակցում է Սիրիայի հարավում դրուզների խմբերից մեկին, մինչդեռ մյուս երկուսը հանդես են գալիս Սիրիայի կառավարության կողմից։ Նախարարը պնդում է, որ Իսրայելի աջակցությունը վայելող խումբը փորձում է բախումներ հրահրել սիրիական բանակի հետ, իսկ Թել Ավիվը կարող է դա օգտագործել որպես ռազմական միջամտության առիթ։
«Կա սցենար, որի դեպքում իսրայելական բանակը, սա որպես պատրվակ օգտագործելով, ռազմական գործողություն կձեռնարկի Սիրիայի դեմ», — հայտարարել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի պնդմամբ, Իսրայելի աջակցությունը վայելող խումբը զենք և զինամթերք է ստանում, որոնք, ըստ նրա, ամեն շաբաթ հասցվում են ուղղաթիռներով։
Ֆիդանը հայտնել է, որ Անկարան նման սցենարի մասին նախազգուշացնում է իր տարածաշրջանային դաշնակիցներին, ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին։ Նրա կարծիքով, հնարավոր գործողությունը կարող է հանգեցնել նոր հակամարտության և ամբողջ տարածաշրջանում անկայունության խորացման։
«Այս սցենարը չի սահմանափակվի միայն Սիրիայով», — ընդգծել է նախարարը՝ միջազգային և տարածաշրջանային դերակատարներին կոչ անելով լրջորեն վերաբերվել սրման վտանգին։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է, որ Սիրիայի կառավարությունն ավելի մեծ ուշադրություն դարձնի երկրի հարավում տիրող իրավիճակին։
