Հոկտեմբերի 8-ի առավոտյան ռուսական զինուժը գրոհել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքը։ Ըստ մարզային դատախազության՝ սավառնող ռումբի թիրախում է հայտնվել երկու երթուղային ավտոբուս։ Նախնական տվյալներով՝ կա 12 զոհ և 14 վիրավոր։ «Ռուսական բանակի ևս մեկ սարսափելի հանցագործություն է իրագործվել խաղաղ բնակչության դեմ։ Կրամատորսկը կրկին իր բնակիչների կյանքով է հատուցում ուկրաինական քաղաք մնալու համար»,- նշել են Կրամատորսկի քաղաքային խորհրդում։ Այնտեղից նաև տեղեկացրել են, որ քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը շրջանի բոլոր բնակիչներին կոչ է արել տարհանվել Ուկրաինայի ավելի անվտանգ բնակավայրեր։ Իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին նախադատական վարույթ են նախաձեռնել պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու հոդվածով (Ուկրաինայի ՔՕ 438-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Բացի այդ, հոկտեմբերի 8-ի առավոտյան ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Կիևի Սոլոմենսկի շրջանի չորսհարկանի խանութներից մեկին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հաղորդմամբ՝ զոհվել է երկու մարդ, ևս երկուսը տուժել են։ Նախորդ գիշեր Կիևի դեմ իրականացված գրոհի ժամանակ ԱԹՍ-ն հարվածել էր նաև 12 և 5 հարկանի բնակելի շենքերի, ինչի հետևանքով զոհվել էր 4, վիրավորվել՝ 21 մարդ։
Նախօրեին՝ հոկտեմբերի 7-ին, ռուս զինվորականները հրթիռակոծել էին Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքի հնգահարկ շենքերից մեկը։ Հինգշաբթի առավոտվա դրությամբ հարվածի զոհերի թիվը հասել է 22-ի, որոնցից հինգը երեխաներ են։ Հայտնի է նաև 54 վիրավորի մասին, այդ թվում՝ յոթ անչափահաս։ Այսպիսով, սա մայիսից ի վեր ամենամահաբեր հարվածներից մեկն է. այն ժամանակ հրթիռը հիմնահատակ ավերել էր Կիևի Դարնիցկի շրջանի իննահարկ շենքի շքամուտքը, ինչի հետևանքով զոհվել էր 24 մարդ, նրանց թվում՝ երեք երեխա։ Ընդհանուր առմամբ, նախորդ օրվա ընթացքում ռուսական գրոհներին զոհ է գնացել 30 մարդ։ Բացի Պրիլուկիից, խաղաղ բնակիչներ են զոհվել նաև Կիևում, Կրեմենչուգում և Ալեքսանդրիայում։
