Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ուժերի հրամանատար Էսմայիլ Կաանին սոցցանցերում հրապարակված ուղերձում նախազգուշացում է հղել Իսրայելին՝ հայտարարելով, որ իսրայելական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս գան Լիբանանից, հայտնում է Mehr գործակալությունը։
«Թող սիոնիստները իմանան, որ նրանք, ովքեր կանգնել և կռվել են ձեր դեմ Աշուրայի ոգով և իմամ Հուսեյնից ներշնչված հավատով, կրում են նույն հավերժական հավատը. «Ամեն օր Աշուրա է, և ամեն հող՝ Քերբելա»», — գրել է Կաանին։
Նա հավելել է, որ «սիոնիստները պետք է լքեն ողջ Լիբանանը, քանի որ այդ հողը տոկունության և դիմադրության դաշտ է, այլ ոչ թե օկուպանտների համար խաղահրապարակ»։
Կաանին նաև նախազգուշացրել է, որ եթե Իսրայելը կամավոր չհեռանա այսօր, ապա «վաղը նա ստիպված կլինի փախչել՝ նվաստացման և պարտության պայմաններում»։
«Ղոդս» ուժերի հրամանատարը հիշատակել է նաև 2000 թվականին հարավային Լիբանանից Իսրայելի դուրս գալը և Բինթ Ջբեյլում «Հեզբոլլահի» հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլայի պատմական ելույթը։
«Մի՛ մոռացեք 2000 թվականը և Բինթ Ջբեյլում նահատակ Սեյիդ Հասան Նասրալլայի պատմական պատգամը։ Այդ խոստումը մնում է ուժի մեջ, և կասկած չկա, որ նույն դրվագը կրկնվելու է ևս մեկ անգամ»,- ասել է նա։
