Չորեքշաբթի, 7 Հոկտեմբերի

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հոկտեմբերի 7-ի առավոտյան մի շարք ռազմական գործողություններ են իրականացրել Սաուդյան Արաբիայի տարածքում և Եմենի Ադեն քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Հութիների խոսնակ Յահյա Սարին պարզաբանել է, որ մի շարք անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է սաուդական «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, որի հետևանքով օդային հաղորդակցությունը խաթարվել է։

Նա նաև նշել է, որ հութիներն իրականացրել են ևս երկու ռազմական գործողություն՝ բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով թիրախավորելով Աբհայի միջազգային օդանավակայանը և Խամիս Մուշաիտ ավիաբազան։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի տարբեր շրջաններում ռազմական ճամբարներ են թիրախավորվել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։

Սարին հայտարարել է, որ հութիները նաև «բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Ադենի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Բադր ճամբար ժամանող սաուդյան ռազմական ուժերին», հաստատելով, որ «հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են մի շարք սաուդացի սպաներ»։

Խոսնակը նաև տեղեկացրել է, որ հութիներին հաջողվել է ալ-Ջաուֆի նահանգում խոցել սաուդյան ուժերին պատկանող CH-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը։

Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները հոկտեմբերի 6-ի երեկոյան վերսկսել են ավիահարվածները մի քանի նահանգի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական տարածքները։

Եմենի տրանսպորտի նախարարությունը դատապարտել է հութիների կողմից Ադենի միջազգային օդանավակայանի թիրախավորումը երկու բալիստիկ հրթիռով և մի քանի անօդաչու թռչող սարքով։ Ըստ հաղորդագրության՝ նախնական տվյալներով զոհեր կամ վիրավորներ չկան։

Եմենում մարտական ​​գործողություններ իրականացնող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է, որ թագավորության մայրաքաղաք Էր Ռիադի հյուսիսում որսացել և ոչնչացրել է հութիների արձակած բալիստիկ հրթիռը։

Տեղեկություններ են հաղորդվում նաև այն մասին, որ Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը սատարող ուժերը հարձակում են սկսել՝ Թաիզի նահանգի լեռնային ալ-Վազիյա շրջանը հութիներից հետ գրավելու նպատակով։

Share.