Մենք տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված ենք համարում․ Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Բայրամովի հետ

Մանրամասներ

1

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային, միջազգային զարգացումներին առնչվող հարցեր: Աբդոլլահիանն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և հավելել, որ օտարների ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը. Թեհրանը դեմ է նրանց ներկայությանը:

Իրանը Կովկասում հակասությունների լուծումը տեսնում է «3+3»-ի տարածաշրջանային մեխանիզմի շրջանակներում և շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրների լուծման համար: «Մենք տարածաշրջանի անվտանգությունը փոխկապակցված ենք համարում, Ադրբեջանի անվտանգությունը տարածաշրջանի և Իրանի անվտանգությունն ենք համարում»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

Բայրամովը Աբդոլլահիանին շնորհակալություն է հայտնել Հայաստան այցի արդյունքները ներկայացնելու և տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն աջակցելու Իրանի ջանքերի համար: Նա նույնպես դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը և շեշտել տարածաշրջանային, այդ թվում՝ «3+3» մեխանիզմի շրջանակներում համագործակցության շարունակման և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու անհրաժեշտությունը: