Ու՞մ է ձեռնտու այն, ինչ կատարվում է Ղազախստանում

Մանրամասներ

ա

Ղազախստանում իրավիճակը լարված է․ կառավարությունը հրաժարական է տվել, իսկ ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիաները 

Սոցիալական բնույթից քաղաքական 

Օրեր առաջ Ղազախստանի արևմտյան հատվածում գտնվող Ժանաօզեն քաղաքի բնակիչների բողոքի ակցիաները երեկվանից ստացել են քաղաքական շեշտարդումներ։

Բողոքի ակցիաներն իսկզբանե ուղղված էին Մանղստաու շրջանում գազի գնի թանկացման դեմ, քանի որ հայտարարվել էր, որ գործող 60 տենգեի (67 դրամ) փոխարեն սպառողները ստիպված են վճարել 120 տենգե (130 դրամ)։ 
Գնի նման աճի պատճառը, ըստ իշխանությունների, գազի սպառման ծավալների մեծացումն է, մինչդեռ Մանղսատաու շրջանում գործող միակ վերամշակամն գործարանը ի վիճակի չէ բավարարել սպառման աճի այդ ծավալները։

Հարցը կարգավորելու համար դեռևս անցյալ տարի հունիսին նախագահ Կ․ Տոկաևը հանձնարարել էր հարցն ուսումնասիրել, քննարկել ու անցնել էլեկտրոնային աճուրդի տարբերակին։

Այս տարբերակը թույլ էր տալու մասնավոր ընկերություններին մասնակցելու աճուրդին և առավել հարմար գին առաջարկել։ Սակայն պարզվեց, որ խնդիրը համակարգային է, և գազի գնի ինքնարժեքը որոշակի աճ է գրանցելու։ 

Ինչևէ, երեկվանից սոցիալական բողոքի ակցիաները տարածվել են նաև այլ խոշոր քաղաքներում, մասնավորապես Ալմաթիում, Կոստանայում, Ակտոբեում, Սեմեյում և այլն, և վերածվել են հակակառավարական շարժման։ 

Ակտիվիստները պահանջում են տեղական և/կամ կենտրոնական իշխանությունների հրաժարականը։ Երեկ ամբողջ գիշեր և այօր առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցները թիրախավորել են իրենց քաղաքների պետական շենքերը, մանսավորապես ակիմատները (մեր պատկերացմամբ քաղաքապետարաններն ու մարզպետարանները)։

Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ իշխանությունների հրաժարականը։


Ղազախստանի նախագահը գնում է զիջումների

Ծավալվող իրադարձությունների ֆոնին ուղերձով հանդես է եկել նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, որում մասնավորպես նշել է, որ իշխանությունը չի տապալվելու։ Միաժամանակ նա առաջարկել է գործողությունների ծրագիր, որոնք ուղղված են բողոքի ակցիայի մասնակիցների սոցիալական պահանջների գրեթե լիակատար բավարարմանը։

Քաղաքական բնույթի հիմնական պահանջներից մեկը իշխանությունների հրաժարական էր, որը բավարարվել է մասամբ․ 
Տոկաևը ստեղծված իրավիճակի հիմանական մեղավոր է համարել կառավարությանն ու մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությանը, որից հետո հայտնի է դարձել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարակկաների մասին լուրը։

Մասնավորապես, դադարել են վարչապետ Ասկար Մամինի, Էկոնոմիկայի նախարարի, Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական քարտուղարի լիազորությունները։ Բացի այս զիջումներից, նախագահը նաև հետաձգել է էլեկտորոնային աճուրդին անցելու ծրագիրը, որը դարձել էր շարժման առիթը։


Ովքե՞ր են բողոքողները 

Գրեթե օնլայն ռեժիմով կարելի է հետևել բողոքի ակցիայի մասնակիների գործողություններին, որոնք կարելի է համարել բավական ագրեսիվ։ Վերջիններս բացի ոստիկանների վրա հարձակումներից, մեքենաներ ու տեխնիկա այրելուց, հարձակում են գործում նաև ակիմատտների շենքերի վրա և փորձում իրենց վերահսկողության տակ վերցնել դրանք։
Պատկան մարմիններն իրենց կողմից հայտարարում են, որ կարող են կիրառել կոշտ միջոցներ չթույլատրված բողոքի ակցիա անցկացնելու համար և օրինախախտներին պատժելու ուղղությամբ։


Ո՞վ է ղեկավարում շարժումը

Դժվար է միանշանակ պնդել, թե որտեղից է կառավարվում/ղեկավարվում շարժումը կամ արդյոք այն կառավարվում է որևէ տեղից։ 
Սակայն փաստ է, որ ժողովրդի որոշ հատվածն իրոք դժգոհ է սոցիալական պայմանների վատթարացումից (տենգեի արժեզրկում, COVID-19-ի սոցիալական ծանր հետևանքները և այլն), սակայն պնդել, որ հենց այդ հատված է այժմ փողոց դուրս եկել, կարծում եմ, սխալ է։

Ամեն դեպքում ակտիվիստների գործողություններն առաջին օրերին և այժմ բավական տարբեր են։ Կարելի է փաստել, որ շարժումը չունի մեկ ընդհանուր ղեկավար, ու չի բացառվում, որ շատ են նաև պրովոկատորները և պղտոր ջրում ձուկ որսացողները։ 
Ընդ որում, այստեղ չի բացառվում նաև արտաքին խաղացողների "պասիվ միջամտությունը"՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի դաշնակից երկրում նման լարվածությունը հավելյալ ռիսկ է հենց Ռուսաստանի համար,որը ձեռնտու է Արևմուտքին։


Ի՞նչ կլինի հետո

Դժվար է կանխատեսել գործողությունների հետագա ընթացքը՝ հաշվի առնելով, թե որքան արագ է փոփոխվում հիմա տարածաշրջանն ու աշխարհը:

Կարծում եմ, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս ղազախստանյան իշխանություններին կհաջողվի կարգավորել իրավիճակը, մանավանդ որ գրեթե ամբողջությամբ բավարարվել են բողոքողների իսկզբանե հնչեցված սոցիալական ու մասամբ նաև քաղաքական պահաջները։

Ղազախագետ Շուշան Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից