«Անհնազանդները» գուցե չկաշկանդվեն վարչապետի գործոնով. «Ժամանակ»

«Իմ քայլը» խմբակցության 20-30 պատգամավորներ ընդդիմանում են Ամուլսարի հանքի շահագործմանը, ընդ որում՝ նրանց մի մասը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով

«Ժամանակ» թերթը գրում է. «Ամուլսարի թեման դուրս է եկել իր, այսպես ասած, պրոֆիլային տիրույթից ու առավելապես քննարկվում է ներքաղաքական հետևանքների տիրույթում։ Ընդ որում, լինելով բազմաշերտ ու բարդ խնդիր՝ այն հարաբերությունների հստակեցման նոր կանոններ է առաջացնելու ինչպես հին ու նոր համակարգերի հարաբերություններում, այնպես էլ իշխանության ներսում։

Ամուլսարը կարող է կտրել հների «հացը», որովհետև նրա օրակարգով կարող է ձևավորվել միանգամայն նոր որակի ընդդիմություն, որի կայացման գործում գուցե դերակատարություն ունենան նաև այսօրվա իշխանության ու խորհրդարանական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ։ Սա դրական ազդակ է, որը կարող է վերջնականապես լուսանցք մղել հին համակարգի հետ ասոցացվող հին ու նորելուկ ուժերին։

Սակայն հիմա կենտրոնանանք հնարավոր զարգացումների վրա, որոնք կարող են տեղի ունենալ մեծամասնության շրջանակներում։

ԶԼՄ-ների հաշվարկներով՝ «Իմ քայլը» խմբակցության 20-30 պատգամավորներ ընդդիմանում են Ամուլսարի հանքի շահագործմանը, ընդ որում՝ նրանց մի մասը հանդես է եկել հրապարակային հայտարարություններով։ Հիմա ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրեն «անհնազանդ» պատգամավորները, երբ Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի մակարդակով կառավարությունը, ըստ էության, արտահայտվել է հանքի շահագործման օգտին։

Ներկայիս խորհրդարանը ֆորմալ առումով ձևավորվել է համամասնական ընտրակարգով, իսկ փաստացի խորհրդարանական մեծամասնության գրեթե բոլոր 88 պատգամավորները ԱԺ են եկել «նստելով» Փաշինյանի բարձր վարկանիշի վրա։ Տրամաբանությունը հուշում է, որ «անհնազանդները» պետք է վայր դնեն իրենց մանդատները՝ ձեռնպահ մնալով խորհրդարանի քաղաքական խճանկարն արհեստականորեն ձևախեղող նախաձեռնություններից։ Այս պարագայում խորհրդարանում որևէ ճգնաժամ, ֆորմալ առումով, չի առաջանա, սակայն լարվածություն գուցե առաջանա փողոցում, մանավանդ, որ իշխանության այսօրվա իրական վարկանիշը չի ձգում սահմանադրական մեծամասնության։

Մյուս կողմից՝ խորհրդարանական բազմաշերտ ու ապաքաղաքական մեծամասնությունը մինչ այսօր կոնսոլիդացված է եղել Փաշինյանի բարձր վարկանիշի շնորհիվ։ Այսօր այդ վարկանիշն էական անկում է ապրել, ու «անհնազանդները» գուցե չկաշկանդվեն վարչապետի գործոնով, ու ԱԺ-ում սկսվի խորհրդարանական մեծամասնության փլուզման գործընթաց։ Սա բնական գործընթաց է, որ տեղի է ունեցել նաև 90-ականների սկզբներին, երբ ՀՀՇ միասնական ֆրակցիայի տրոհումը հանգեցրեց ԱԺՄ-ի ու մյուսների ձևավորմանը։

Սակայն առաջին երկու տարբերակները քիչ հավանական ենք համարում՝ հաշվի առնելով այսօրվա խորհրդարանի քաղաքական դիմազրկությունը, «գրպանային» լինելը։ Միայն օրենքներով է խորհրդարանը համարվում իշխանության կենտրոն, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանի կցորդն է, ու առաջիկա օրերին, ըստ ամենայնի, ականատես կլինենք «անառակ որդիների վերադարձին» ու դրամայի ավարտին կարող ենք խոսել Նիկոլի ու նրա 88 «զինվորների» (մեկ-երկու բացառությամբ) մասին։ Իհարկե, «անվերապահ» աջակցության այս ակտը վերջնականապես կբովանդակազրկի հեղափոխության օրակարգն ու իշխանությունը՝ քաղաքականությունը տեղափոխելով փողոցներ, հրապարակներ, սակայն սա է մեր իրականությունը։

Ամուլսարը ճգնաժամ հարուցելու է, սակայն ոչ թե իշխանության ներսում, այլ իշխանություն-հասարակություն հարաբերություններում, որի ինտրիգային հանգուցալուծումներին ականատես կլինենք ամիսներ անց»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում