Քանի որ Սովետական միությունը նոր էր կազմվում, մեկ տարվա ընթացքում հնարավոր չի եղել իրականացնել Հայաստանի տարածքի ամբողջ դելիմիտացիան ու դեմարկացիան։ Վերջնական սահմանգծումները եղել են 1929 թվականին։ Դրանից հետո արդեն տեղի են ունեցել հաջորդիվ փոփոխությունները՝ կարծում եմ՝ շատ լավ գիտեք, որ Հայաստանից տարածքներ են վերցվել և Կարմիր Քրդստանի պատճառով և այլ գյուղատնտեսական աշխատանքների հիմնավորմամբ միացվել Ադրբեջանին և հետ չեն վերադարձվել։ Եվ դրա հետևանքով Հայաստանը կամաց-կամաց փոքրանալով՝ 31 հազար քմ-ից դարձել էր 29 700 քմ։
Եթե 1929 թվականի քարտեզներով խոսենք, այսօրվա իրավիճակի համեմատ շատ-շատ փոփոխություններ են լինելու։ Ամենահայանպաստ տարբերակով մենք Տավուշում ու Արարատի մարզերում չենք ունենալու անկլավային տարածքներ, Տավուշի և Սյունիքի ճանապարհները չեն անցնելու Ադրբեջանի ենթակայությանը, գտնվելու են ՀՀ տարածքում, Ալ լճերը լինելու են ՀՀ տարածքում, մենք Սյունիքում չենք ունենալու կտրտված սահման, այն ամբողջությամբ լինելու է ի օգուտ Հայաստանի, գերակշռող բարձունքները մեր վերահսկողության տակ են լինելու, Արծվաշենը չի լինելու էքսկլավ, այն լինելու է մայր Հայաստանին միավորված տարածք։ Բացի այս ամենից, Հայաստանն ու Արցախը՝ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ունենալու են հատման կետ։ 1920-21 թվականների քարտեզով Հայաստանը և Արցախն ունեցել են միացման կետ՝ Աղավնո գետի երկու ափերով։ Այսինքն՝ փաստացի դա միացում է եղել։
Ես խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը կհամաձայնվի իր համար ոչ շահեկան այս տարբերակին։ Բացի այդ, նաև այս վերջին իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը չի գնա այդ տարբերակին, քանի որ շատ հստակ երևում է, որ Ռուսաստանն ամբողջությամբ պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը։
Շահեն Շահինյան, քարտեզագիր
Ավելին՝ սկզբնաղբյուրում
0Comments