Իրանը եւ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսել են բանակցել ազատ առեւտրի գոտու մասին մշտական համաձայնագրի շուրջ: Այս մասին չորեքշաբթի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Իրանն արդեն երկար ժամանակ փոխադարձ առեւտրի ազատականացման ժամանակավոր համաձայնագրի մասնակիցն է, եւ այժմ մենք արդեն սկսել ենք համաձայնության գալ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու լիարժեք մշտական համաձայնագրի շուրջ: Այս գործընթացի օգուտները դրա բոլոր մասնակիցների համար ակնհայտ են»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական ծառայության ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ Մոսկվան դրական է գնահատում Իրանի փոխազդեցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) եւ ԵԱՏՄ երկրների հետ: Այդպես, Ռուսաստանի Դաշնությունը ողջունել է ՇՀԿ պետությունների ղեկավարների խորհրդի որոշումը` սկսել Իրանի` որպես լիիրավ մասնակից կազմակերպություն մուտքի ընթացակարգերը:
Իրանը, նշել է նախարարը, արդեն կարող է մասնակցել ՇՀԿ-ի գործունեությանը, այդ թվում՝ Աֆղանստանի հարցով կոնտակտային խմբի ձեւաչափով: «Այս ձեւաչափի կարեւորությունն այժմ մեծանում է, եւ մենք շահագրգռված ենք այն արդյունավետ օգտագործել: Եւ ՇՀԿ-ի աշխատանքի մյուս բոլոր ոլորտներն էլ` անվտանգությունը, ահաբեկչության, ծայրահեղականության, անջատողականության դեմ պայքարը, տնտեսական, տրանսպորտային կապերի ապահովումը, այդ ամենը լիովին համապատասխանում է ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի շահերին»,- ամփոփել է Լավրովը:
0Comments