Տարածաշրջանը կարող է պայթել՝ 180 աստիճանով փոխելով իրավիճակը Հայաստանում. Ի՞նչ է հասկացնում Իրանը Հայաստանին

Իրավիճակ

1

Աշխարհն անթաքույց ուշադրությամբ հետևում է Իրանի և Ադրբեջանի պաշտոնական շրջանակների դիվանագիտական պատերազմին, որի յուրաքանչյուր հաջորդող օրը հատկանշվում է առավել կոշտացող հռետորաբանությամբ, ինչը, թերևս, աննախադեպ է այս երկու հարևան երկրների պատմության ընթացքում: Առայժմ կրքերը փոթորկվում են հայտարարությունների, սոցցանցային գրառումների ու զավեշտալի ծաղրանկարչության տիրույթներում, ինչին զուգահեռ Իրանն ուժ է ցուցադրում Ադրբեջանի, Թուրքիայի ու Նախիջևանի սահմաններին մոտ՝ սկսելով զորավարժություններ, որոնք ամենալայնամասշտաբն են վերջին 20 տարիների ընթացքում:

Կողմերից ոչ մեկը մտադրություն չի ցուցաբերում իրավիճակը հանգուցալուծելու, հարթելու ուղղությամբ: Իրանն արդեն շրջանառության մեջ է դրել այն պնդումները, ըստ որոնց Ադրբեջանն ինքնուրույն չէր համարձակվի նման վարքագիծ դրսևորել, եթե թիկունքին չզգար մի շարք հովանավոր պետությունների անվերապահ աջակցությունն ու քաջալերանքը: Նման տեսակետ օրերս արտահայտել է նաև  «Նուր» ռազմավարական ուսումնասիրությունների ուղեղային կենտրոնի ղեկավարը՝ ծավալուն հոդված հրապարակելով  «Քեյհան» օրաթերթում, որը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է: Նրա գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթ. Ալի Խամենեին, ուստի վստահորեն կարելի է պնդել, որ հոդվածը ներկայացնում է Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները: Սա կարևոր է այնքանով, որ հոդվածագրի միջոցով Իրանը մի շարք կարևոր մեսիջներ է հասցեագրում անձամբ Էրդողանին ու Ալիևին՝ հիշեցնելով, որ ինքն է փրկել էրդողանի ու Ալիևի ռեժիմներն ամերիկյան գունավոր հեղաշրջումներից: Իրանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նրանք սահմաններն անցնեն, Իրանը Թուրքիայում ու Ադրբեջանում ոտքի կհանի շիա մահմեդականներին ու հօդս կցնդեցնի էրդողան-Ալիև տանդեմի բռնապետական ռեժիմները: Խաղը նրանց համար կարող է ճակատագրական ավարտ ունենալ. «Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունները մեծ ռիսկերի են դիմում, որոնք կարող են առաջինը հենց իրենց ներքաշել գոյության ճգնաժամի մեջ: Ալիևի կառավարությունը վեց միլիոն շիա բնակչության դեմ-հանդիման է կանգնած, որոնք, անկասկած, սերտորեն կապված են շիայական կենտրոնի (Իրան) հետ, իսկ Էրդողանի կառավարությունը Թուրքիայում՝ մոտ 23 միլիոն ալավի շիայի: Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի ցանկացել օգտագործել այդ հնարավորությունները`Էրդողանին կամ Ալիևին պատժելու համար»:

Եվ այսպես, ու՞մ ականջներն են երևում Ալիևի թիկունքից. Իրանը վստահ է, որ իր հյուսիսային սահմանին տեղի ունեցող իրադարձություններից ամերիկա-իսրայելական դավադրության հոտ է գալիս, որն իրականացվում է Էրդողանի ու Ալիևի անմիջական կատարմամբ: ԱՄՆ-ն օգտագործում է Իսրայելի մոտ 30 տարվա անվտանգային հարաբերությունների ներուժը. ըստ իրանական զեկույցների, Ադրբեջանում Իսրայելի անվտանգության ուժերի թիվը 1000-ի է հասնում, Իսրայելը վերջին տասնամյակում զգալի ազդեցություն է ձեռք բերել Ալիևի ընտանիքի վրա, և սիոնիստ առաջնորդներն Ադրբեջանն անվանել են «Իսրայելի Լիբանան»: Իրանական հոդվածագիրը հայտարարում է, որ Միացյալ Նահանգները, ընդլայնելով գաղտնի հարաբերություններն Ադրբեջանի ու Հայաստանի հետ, ձգտում է թուլացնել Իրանի և Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Կասպից ծովի արևմտյան ափին: Իրանը վստահ է, որ իր հյուսիս-արևմտյան սահմաններին տեղի ունեցողը ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան-Իսրայել գաղտնի դաշինքի պայմանավորվածությունների հետևանք է, որի նպատակը Իրանի և Ռուսաստանի ազդեցության չեզոքացումն է աշխարհաքաղաքական վերադասավորվածության միջոցով:

Իրանը նաև լսելի է դարձնում իր վերաբերմունքն ու մտահոգությունը ՝ կապված Հայաստանում իշխող ուժի դիրքորոշումների հետ: Հոդվածագիրն, արտահայտելով Իրանի բարձրագույն ղեկավարության մտահոգությունները, գրում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ Փաշինյանը միացել են ԱՄՆ-Թուրքիա նախագծին. «Փաշինյանի կառավարությունը, կառչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի խոստումներից առ այն, որ եթե Սյունիքի մարզը զիջի Ադրբեջանին, ապա կարող է խաղաղ և սերտ հարաբերություններ ունենալ Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի հետ՝ Սյունիքի փոխարեն ստանալով ԼՂՀ-ն, միացել է այս դավադիր ծրագրին՝ հույս ունենալով ամրապնդել սեփական իշխանությունը: Մինչդեռ այս գործարքում Հայաստանը կորցնում է իր հարևանությունն Իրանի հետ, որը կարող է օգտագործել Թուրքիայի, Ադրբեջանի կամ Վրաստանի կողմից սպառնալիքի դեպքում և, նաև, թշնամուն է զիջում ռազմավարական նշանակության մի մարզ, որն ունի տարանցիկ նշանակություն: Մինչդեռ, երբ Սյունիքն ամրագրվի որպես Ադրբեջանի Հանրապետության նահանգ, ապա Հյուսիսային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակումն անխուսափելի է լինելու, և Հայաստանը հեշտությամբ կորցնելու է հայաբնակ այս տարածքը, և ամբողջությամբ ու վերջնականապես շրջափակվելու է թշնամիներով»:

Այսպիսով, Իրանն, օգտագործելով բոլոր հնարավոր հարթակները, մտահոգություն է հայտնում մեր տարածաշրջանում ընթացող դեռևս ստվերային գործընթացների ու դրանց կործանարար բնույթի մասին՝ նախազգուշացնելով նաև Հայաստանին: Իսկ Հայաստանը որդեգրել է անպատասխանատու տանտիրոջ պահվածք, ով անտեսում է իր գլխին կախված աղետը՝ հրաժարվելով պաշտպանել սեփական շահերը: Այնպիսի տպավորություն է, որ մեր երկրին անզգայացման են ենթարկել ու տանում են ծանր վիրահատության. մենք անհաղորդ ենք մեզ հետ կատարվողի նկատմամբ, ինչը զարմացնում է նաև Իրանին: Տարածաշրջանը եռում է մեր շուրջը, իսկ ժամանակը, որ մենք շռայլում ենք, սպառվում է:

Իրանը, որ անմարդկային պատժամիջոցներին ու ճնշումներին դիմագրավելու հարուստ փորձ է կուտակել, հաջողությամբ կարողանում է, ճկուն ու բազմաշերտ դիվանագիտական հմտություններ գործադրելով, խուսափել պատերազմական իրավիճակնեից, սակայն Հայաստանը, որ պետք է գիտակցեր Իրանի հետ շահերի ընդհանրությունը, դեռևս կրավորական պահվածք է դրսևորում, ինչը ստիպում է Իրանին՝ կոշտացնել հռետորաբանությունը: Հայաստանի հետ ընդհանուր սահմանը Իրանի համար կենսական նշանակություն ունի, և Իրանը բաց հայտարարում է, որ չի զիջելու ու պատրաստ է գնալ մինչև վերջ:

Աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում այս պահին հենց Հայաստանն է, խաղացողները դեռ շոշափում են միմյանց նյարդերը, խաղը նուրբ է ու բազմաշերտ, մեկ սայթաքում՝ և տարածաշրջանը կարող է պայթել՝ 180 աստիճանով փոխելով իրավիճակը նաև Հայաստանում:

Աղբյուրը՝ Live24.am