Մենք զիջելու տեղ չունենք ո՛չ բանակցություններում, ո՛չ էլ այս կերպ, բանակցում են, թող բանակցեն Արցախի համար. Տավուշի թեմի առաջնորդ

Առանց հասկանալու, եթե այսօր հայտարարություններ են անում, վաղը դրա պատասխանները պետք է տրվեն

ա

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի հետ կապված պատգամավորի հայտարարությանը, նշեց, որ եթե այդ գյուղերն իշխանության ներկայացուցիչների համար «անկալվներ» են կամ «ադրբեջանական հողեր», ապա իրենց համար հայրենիք են, հետևաբար՝ այստեղ ո՛չ բանակցելու կարիք կա, ո՛չ էլ քննարկելու հարց, ինչպես չի եղել վերջին 20-30 տարում։

«Մենք մի քանի առիթով ասել ենք՝ որևէ կերպով ո՛չ պատրաստ ենք, ո՛չ էլ տրամադրություն ու նույնիսկ ցանկություն ունենք այդ մասին մտածելու։ Այսպես երկար չի կարող շարունակվել՝ կտոր-կտոր հայրենիքն անել ինչ-որ պահանջներ բավարարելու համար։ Մշտապես ասել եմ, մենք պատերազմ չենք ուզում, որևէ բանական մարդ պատերազմ չի ուզում, բայց նաև ստորացած, նվաստացած խաղաղություն էլ չենք ուզում։ Պատգամավորը չի էլ հասկանում, թե ինչ է հայտարարում, չեմ ուզում որևէ մեկին, հատկապես իրեն անդրադառնալ անձնապես, չեմ էլ տեսնում դրա կարիքը, որովհետև այնտեղ արժեք չկա։ Առանց հասկանալու, եթե այսօր հայտարարություններ են անում, վաղը դրա պատասխանները պետք է տրվեն։ Վաղը դրանք ամբողջությամբ գործիք են լինելու բանակցությունների համար, եթե պետք է բանակցություն տեղի ունենա՝ ասելու են՝ նման հայտարարություն ձեր պատգամավորն է ասել, կամ ձեր վարչապետն ու խորհրդարանից ինչ-որ մեկը։ Ինչի՞ շուրջ են բանակցելու և ինչի՞ փոխարեն ի՞նչ են ստանալու, հայրենիքի փոխարեն՝ կեղծ տնտեսական զարգացման պատրա՞նք, հոգու փոխարեն՝ ստամո՞քս, ի՞նչ են ստանալու, սա է ամբողջ իրականությունը»,- նշեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանի խոսքով՝ այն գյուղերի անունները, որ տրվել են՝ դրանք գտնվում են ստրատեգիական կարևոր տեղերում՝ ճանապարհների վրա։ Ստացվում է, որ ինքը՝ որպես թեմի հոգևոր առաջնորդ, երբ պետք է այցելի Տավուշի գյուղեր, պիտի ենթադրաբար ադրբեջանցիներից  թույլտվությո՞ւն վերցնի իր հայրենիքի, պետության մեջ, որպեսզի կարողանա այդ ճանապարհն անցնել։

«Նոյեմբերյանի շրջանի ճանապարհների վրա՝ Կիրանցի շրջակայքում, 90-ականներին մարդիկ են զոհվել, գողացել են ոստիկանների, քաղաքացիական անձանց, սա իրականություն է։ Խաղաղությունն էլ գին ունի և խաղաղությունը այսպես նվաստացած, ընկած, գետնաքարշ եղած չի կարող որևէ մեկին տրվել, այդպիսի խաղաղություն չի լինում, սա խաղաղության պատրանքն է»,- հավելեց Բագրատ սրբազանը։

Թե ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի հոգևորականության դերը, և Տավուշի հետ կապված ի՞նչ քայլեր է պետք իրականացնել, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդը պատասխանեց, որ այս պահին  դեռևս սպասողական վիճակ է։

«Փառք Աստծո, բոլոր առումներով մենք պատրաստ ենք դիմագրավելու և այլևս հողի կամ տարածքի հետ էլ կապ չունի, սա ուղղակի ծայրահեղ արժանապատվության խնդիր է։ Եթե զուտ աշխարհագրական իմաստով չափելու լինենք, մեր հայրենիքի այդ նշված տարածքները կտրում են Շամշադինը, Նոյեմբերյանը, կտրում են մեր ստրատեգիական ու ռազմավարական բոլոր ճանապարհները։

Կրկնում եմ՝ մեզ համար այլևս հողային հարց չի դառնում սա, ասենք՝ այս հողը տանք, այն հողը վերցնենք առևտրով, սա արժանապատվության հարց է դառնում, որ մինչև վերջ մեզ ստորացնելու ու նվաստացնելու ծրագիր են մշակել և այս պարտված իշխանությունների ձեռքով փորձում են իրականացնել։ Մենք ուղղակի կոչ ենք անում, հրավիրում ենք բանականության, դադարի, մի պահ ամբողջությամբ ինքնաքննություն անելու և անդրադառնալու, թե որտեղ են տանում պետությունը։ Մեզ խաղաղության պատրանքներով կերակրել պետք չէ»,- շեշտեց սրբազանը։

Միաժամանակ նա նկատեց՝ ինչո՞ւ մինչև սեպտեմբերի 27-ն այդ տարածքների մասին չէր խոսվում, այդ ի՞նչ է փոխվել, «հպարտ-հպարտ քայլում էին, գլուխ էին գովում, թե թուրքերին այսպես կանեն, այնպես կանեն, բա ի՞նչ եղավ»։

«Հիմա հանկարծ իրենց համար խաղաղությունն այսպես դարձավ առարկայակա՞ն, մոռացե՞լ են, թե հուլիսյան ճակատամարտից հետո ինչպիսի մեծ խանդավառության մեջ էին, բա ինչպե՞ս դա մոռացան, և իրենք էլ համակարգում էին, ուղղորդում էին, ի՞նչ պատահեց, այսպես արագ ի՞նչը փոխվեց, ուրեմն՝ սա այլևս արժանապատվության հարց է։ Սա ազգի գոյության, նկարագրի հարցն է, ինքնություն չունեցող մարդիկ չեն կարող որևէ ձևով արժանապատիվ խաղաղություն բերել և հաղթանակած խաղաղություն բերել, սա բացառված է ուղղակի։

Այսպես թուլակամ, ամեն ինչին «այո» ասող և վազող բանակցող հանձնախմբեր են ստեղծում, ինչի՞ շուրջ են բանակցում՝ կորսված Արցախի՞, պատառվող Սյունիքի՞, խոցված Գեղարքունիքի՞, թե՞ ամուր կանգնած Տավուշն էլ վիրավորելու, խոցելու ու քայքայելու և այդպես Հայաստանը դարձնելու առհասարակ անհասկանալի մի տարածք։

Եթե իրենց համար սա զուտ բնակավայր ու տարածք է, ապա մեզ համար հայրենիք է։ Ուզում եմ համոզված լինել, որ մեր տավուշցիները, հատկապես՝ սահմանապահ բնակիչները, և առհասարակ լայն իմաստով խորությամբ պատկերացնում, հասկանում են և դրական կարձագանքեն մեր այս արտահայտություններին։ Սա նախասարդապատյան վիճակ է, կարծես թե ճիշտ նույն օրերն ենք ապրում, ինչ Սարդարապատից առաջ էր։ Մենք զիջելու տեղ չունենք ո՛չ բանակցություններում, ո՛չ էլ այս կերպ, բանակցում են, թող բանակցեն Արցախի համար»,- եզրափակեց գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Հիշեցնենք, որ հիշյալ փաստաթղթի մասին առաջինը խոսել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ահազանգելով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հերթական հակահայ փաստաթուղթը։ Իսկ արդեն մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ պատրաստվում է  ստորագրել այդ փաստաթուղթը, որը 100 տոկոսով բխում է ՀՀ շահերից։