«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնել «Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքի վերաբերյալ: Այս մասին նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Այն ներկայացնում ենք ստորև.
«Հոկտեմբերի 5-ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երևում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով հարվածել և վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը և լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի և օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։
«Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի և կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին»։
Հիշեցնենք այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։
0Comments