ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին Երեւանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում քննարկել են տարածաշրջանում Պարսից ծոցի անվտանգության ապահովման նախաձեռնությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի նախագահի պաշտոնական կայքին:
«Կողմերը քննարկել են միջուկային գործարքը, ինչպես նաեւ Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը»,- ասվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Իրանի նախագահի խոսքով՝ «այդ նախաձեռնությունը ենթադրում է տարբեր հարցերի շուրջ համագործակցություն, ներառյալ՝ էներգետիկ անվտանգություն, նավագնացության ազատություն եւ նավթի անխափան արտահանում»:
«Պարսից եւ Օմանի ծոցերի, ինչպես նաեւ Հորմուզի նեղուցի շրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը կարող են ապահովվել միայն տարածաշրջանի գերտերությունների համագործակցության ճանապարհով»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Ռոհանիի խոսքը:
Նա նաեւ նշել է, որ միջուկային համաձայնագրի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի բոլոր մասնակից երկրներն իրականացնեն իրենց պարտավորությունները:
Սեպտեմբերի 25-ին «Հորմուզի խաղաղ նախաձեռնություն» նախագիծն Իրանի նախագահը ներկայացրել էր ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանում: Նրա խոսքով՝ «կոալիցիան պետք է ստեղծվի երկխոսության պայմաններում եւ ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա, այլ երկրների ինքնիշխանության հարգման, միջազգային օրենսդրության ճանաչման, ագրեսիայից հրաժարվելու եւ այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու ճանապարհով»:
0Comments