Հանձին ԵՏՄ-ի Սինգապուրը համախոհներ գտավ. Լի Սյան Լուն

Փաստելով ապրանքաշրջանառության ոչ մեծ ծավալը ԵՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ՝ Լի Սյան Լունը հույս է հայտնել, որ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել այն

Հանձին ԵՏՄ-ի Սինգապուրը համախոհներ գտավ։ Այս մասին ասել է Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը Երեւանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ նա շատ է ոգեւորվել կազմակերպության աշխատանքով։ Լի Սյան Լունը նշել է, որ Սինգապուրի հարաբերությունները մյուս երկրների հետ կառուցվում են փոխադարձ հարգանքի, համագործակցության եւ փոխադարձ հարստացման հիման վրա։ Նրա խոսքով՝ ստորագրված համաձայնագիրը կարեւոր պահ է ԵՏՄ-ի հետ հարաբերություններում։

Փաստելով ապրանքաշրջանառության ոչ մեծ ծավալը ԵՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ՝ Լի Սյան Լունը հույս է հայտնել, որ համաձայնագիրը թույլ կտա ավելացնել այն։ Նա ընդգծել է հովանավորչությանը դիմակայելու անհրաժեշտությունը ողջ աշխարհում, որը խանգարում է ազատ առեւտրին եւ գլոբալ տնտեսական միտմանը։ Լի Սյան Լունը կարծում է, որ ԵՏՄ-ի հետ համագործակցությունը կնպաստի տնտեսությունների զարգացմանը եւ հետագայում կհանգեցնի համագործակցության էլ ավելի խորացմանը։

Հիշեցնենք, որ Երեւանում ընթացող Բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում ստորագրվել է համաձայնագիր ազատ առեւտրի մասին, ինչպես նաեւ ԵՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ շրջանակային համաձայնագիր համապարփակ տնտեսական համագործակցության մասին։

Փաստաթղթերը ստորագրել են ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության երկրների փոխվարչապետերը, ինչպես նաեւ Սինգապուրի փոխվարչապետ, սոցիալական եւ տնտեսական զարգացման համակարգող նախարար Տարման Շանմուգարաթնամը։