ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google ընկերությանն առաջարկել է Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսը վերանվանել իր պատվին, սակայն ընկերությունը չի աջակցել այդ գաղափարին։ Այս մասին նա պատմել է ուրբաթ օրը Ջորջիա նահանգում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ ինքն ինտերնետային հսկայի ներկայացուցիչներին առաջարկել է օվկիանոսներից մեկը կոչել «Թրամփի օվկիանոս»։ Ի պատասխան, ինչպես պնդում է Սպիտակ տան ղեկավարը, նրանք ասել են, որ այլևս մտադիր չեն համաձայնել նման նախաձեռնությունների հետ։
««Պարոն, լսե՛ք, այս դեպքում մենք չենք կարող այդպես վարվել։ Օվկիանոսներն այլ բան են, դրանք ընդգրկում են բազմաթիվ երկրներ։ Մենք դա անել չենք կարող»,— Google-ի ներկայացուցիչների պատասխանն է մեջբերել Թրամփը։
ԱՄՆ նախագահը պատմել է, որ անգամ քարտեզ է ուղարկել ընկերությանը՝ «Թրամփի օվկիանոս» նշագրումով, սակայն մերժում է ստացել։ Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այս անգամ պարզապես կատակել է, թեև խոստովանել է, որ այդ միտքն իր գլխում ծագածներից ամենավատը չէր։
2025 թվականին Թրամփը հրամանագիր էր ստորագրել Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց վերանվանելու մասին։ 2026-ի օգոստոսին նա կարգադրել էր նաև ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկյան լիճ։ Google Maps-ն այդ նոր անվանումները կիրառել էր ԱՄՆ-ի օգտատերերի համար։
Թրամփը նախկինում ևս բազմիցս խոսել էր օվկիանոսն իր պատվին անվանակոչելու մասին։ Նա առաջարկել էր նաև «Թրամփի նեղուց» վերանվանել Հորմուզի նեղուցը (ենթադրաբար Իրանին սադրելու համար, որի հետ ԱՄՆ-ը գտնվում է պատերազմական վիճակում)։
