Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ։ Ինչո՞ւ եմ ասում՝ տարբերակներից մեկը։ Որովհետև Եվրոպական միությունը դեռ պետք է որոշում կայացնի իր ընդլայնման քաղաքականության վերաբերյալ։ Միայն անդամակցել ցանկացող երկրի կամ այդ հարցը քննարկող պետության ցանկությունը բավարար չէ, ասել է Փաշինյանը Radio France International-ին տված հարցազրույցում:
Փաշինյանի խոսքով, Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական նպատակը այլընտրանքներ ստեղծելն է։
«Մենք երկար ժամանակ ապրել ենք այնպիսի միջավայրում և պայմաններում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ու նրա ժողովուրդը, այդ թվում՝ արտաքին հարաբերություններում, լայն այլընտրանքներ չեն ունեցել։ Մեր խնդիրն այդ այլընտրանքները ստեղծելն է։
Ի վերջո, ցանկացած որոշում կայացվում է կոնկրետ միջավայրում և պայմաններում։
Այլընտրանքներ ձևավորելու մեր նպատակը մեկն է՝ Հայաստանի ժողովուրդը պետք է կարողանա որոշել՝ երկիրը մնա Եվրասիական տնտեսական միության անդամ, դառնա Եվրոպական միության անդամ, թե չլինի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի անդամ։
Միևնույն ժամանակ, մենք ամեն դեպքում շարունակելու ենք բարեփոխել Հայաստանի Հանրապետությունը՝ այն համապատասխանեցնելով Եվրոպական միության ստանդարտներին։ Եթե ինչ-որ պահի Հայաստանը լիարժեք և օբյեկտիվորեն պատրաստ լինի դառնալ ԵՄ անդամ, այդ դեպքում հարցը կրկին կախված կլինի երկու հիմնական սուբյեկտից՝ Եվրամիությունը կցանկանա՞ ընդունել մեզ, և Հայաստանի ժողովուրդը կքվեարկի՞ այդ տարբերակի օգտին։
Նույնիսկ եթե Հայաստանը օբյեկտիվորեն պատրաստ լինի, բայց չդառնա Եվրամիության անդամ, միևնույն է, երկիրը շահած կլինի։ Այդ դեպքում մենք կունենանք պետություն, որը լիարժեք համապատասխանում է Եվրոպական միության ստանդարտներին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
