Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի

Նիդեռլանդներն այլևս մտադիր չէ պաշտպանության հարցերում հույսը դնել ԱՄՆ-ի վրա, հայտարարել է թագավորության պաշտպանության նախարար Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Բավական է լինենք միամիտ: Բավական է արդեն հույս դնենք Ամերիկայում գտնվող մեր ավագ եղբոր կամ քրոջ վրա: Անկախ նրանից, թե տվյալ պահին ով է գտնվում Սպիտակ տանը, մենք պետք է ունակ լինենք ինքնուրույն պաշտպանել մեզ», – ասել է Եշիլգյոզ-Զեգերիուսը՝ ելույթ ունենալով Վարշավայի անվտանգության ֆորումում:

Ամռանը ներկայացված Նիդեռլանդների միջազգային անվտանգության նոր ռազմավարության համաձայն՝ երկրի կառավարությունը մտադիր է առաջիկա չորս տարիների ընթացքում նվազեցնել կախվածությունը ԱՄՆ-ից թագավորության պաշտպանության հարցում:

Եվրոհանձնաժողովը և ԵՄ երկրները առաջ են մղում միջոցներ, որոնք պետք է մեծացնեն եվրոպական արտադրության զենքի մասնաբաժինը պաշտպանական գնումներում և կրճատեն կախվածությունը ամերիկյան մատակարարումներից: Պենտագոնը դեմ է արտահայտվում նման մոտեցմանը, չնայած ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին ուղղված ԱՄՆ վարչակազմի պահանջներին՝ ավելի շատ ծախսել սեփական պաշտպանության վրա, սեպտեմբերին հայտնել էր Euronews-ը:

Share.