ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հավաքին է միացել նաեւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ հավաք են անցկացնում՝ պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համոզված է այս պայքարն ունենալու է հաղթական ավարտ եւ Ռոբերտ Քոչարյանը լինելու է ազատության մեջ։ Նա նշեց, որ ինքը խոսում է եւ՛ Հանրապետական կուսակցության եւ՛ իր անունից.
«Եկել եմ հերթական անգամ սատարելու Արցախի հերոսի ազատության պայքարին։ Այն ինչ այսօր տեղի է ունենում, այն ինչ մենք այսօր անում ենք, դա պայքար է ազատության ու արդարության համար, նրա համար որ մեր երկրում չլինի դիկտատուրա եւ քաղբանտարկյալներ։ Չի կարող հերոսների հաղթանակն այսօր վերածվել հերոսների բանտարկելով։ Ես հիմա խոսում եմ եւ մեր անունից, եւ մեր կուսակցության անունից։ Թե ես, թե Հանրապետական կուսակցությունը կանգնած ենք լինելու Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարին։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն։ Ավելին, որ այս խայտառակ ռեժիմն օր առաջ հեռանա»։
Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այսօր Հայաստանում գործում է «զանգովի արդարադատություն»։
Նա հավելեց, որ իշխանության ներկայացուցիչներից շատերը նշում էին, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի գաղտնալսումը Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում.
«Բա որ ՀՔԾ պետի եւ ԱԱԾ պետի գաղտնալսումը Ռոբերտ Քոչարյանն է կազմակերպել, բա ուր ա՞, հիմա ծպտուն չեն հանում։ Եվ այդ գաղտնալսումը խոսում է մի փաստի մասին, որ Հայաստանում, դժբախտաբար, կա հրահանգովի արդարադատություն։ Հայաստանում արդարադատությունը հիմնականում հիվանդացած է։ Ես տոկունություն եմ մաղթում մեր բոլոր այն դատավորներին, ովքեր մտածում են ծառայել ոչ թե այս կամ այն քաղաքական գործչին կամ իշխանությանը, այլ հայոց պետականությանը. Հայկը հաղթելու է Բելին։ Սա Հայկի պայքարն է Բելի դեմ։ Լույս տանող ճանապարհը միշտ տարբեր խոչընդոտներով է պատված լինելու, խոչընդոտները նրա համար է, որպեսզի այդ պատերը քանդվեն։ Եթե Բեռլինի պատը քանդվել է, ապա այս ռեժիմի պատը քանդվելու է ու քանդվելու»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Այսպիսով արձանագրվեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը պետք է անհապաղ դատական նիստ գումարի եւ ազատ արձակի երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։
Նշենք, որ Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12–ին: Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
0Comments