Այսօր Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է:
Անահիտ Ծառուկյանի և Ալբերտ Սուքիասյանի պսակադրությունը տեղի է ունեցավ Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, որից հետո նրանք շտապեցին զագս, իսկ այժմ հարսանիքը տոնում են «Փարավոն» ռեստորանում, որի դիզայնն ամբողջությամբ փոխել են և տևական ժամանակ է հարսանիք չեն անցկացնում, որպեսզի պատշաճ պատրաստվեն էլիտար հարսանիքին:
Եկեղեցում՝ պսակադրության արարողությանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ: Ներկաների մեջ էին ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը, Էդուարդ Բաբայանը, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիփան Փաշինյանը և այլք: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէր պսակադրության արարողությանը:
Նշենք, որ ինչպես սպասվում էր, եկեղեցու բակում շքեղ մեքենաների պակաս չէր զգացվում: Հարսի և փեսայի մեքենան արծաթագույն շքեղ «Rolls-Royce» էր: Հյուրերի մեքենաների շարքում գերակշռում էին «Porsche», «Lexus», «Rolls-Royce», «Bentley», «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Պսակադրության արարողության նկարահանումը ևս բարձր մակարդակով էր կազմակերպված՝ մեծ թիմ էր աշխատում՝ մոտ 7-8 տեսանկարահանող, դրոն և 3-4 լուսանկարահանող, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչների և եկեղեցում այդ պահին գտնվողներին արգելված էր տեսա և լուսանկարահանել արարողությունը, սակայն ArmDaily.am-ի թղթակցին հաջողվել է արարողության առանձին հատվածներ նկարահանել:
Բացի հարսի ու փեսայի ձեռքի աղավնիները, մի քանի հարյուր կամ գուցե հազար աղավնի բաց թողեցին նորապսակների հետ միաժամանակ, իսկ աղավնիների նման մեծ քանակը եկեղեցու բակ էր բերվել «Գազել» մակնիշի մեքենայի բեռնախցիկով:
Եկեղեցու բակում օգնություն ստանալու ակնկալիքով մի շարք քաղաքացիներ էին հավաքվել, ովքեր ամեն կերպ փորձում էին մոտենալ Գագիկ Ծառուկյանին և Խաչատուր Սուքիասյանին:
Հարսանեկան արարողության ժամանակ մի շարք հայ և արտասահմանցի հայտնի երգիչ երգչուհիներ են երգելու, նրանց թվում է նաև Աբրահամ Ռուսոն:
Նյութի աղբյուր՝ hayeli.am
0Comments