Եմենի հութի ապստամբները՝ «Անսար Ալլահ» շարժման անդամները, բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի ուժերի դիրքերին Մոհա քաղաքի շրջանում և Մարիբ նահանգում։ Այս մասին հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։
«Զինված ուժերը … մեծ թվով բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի հակառակորդի ուժերի կուտակումներին, զենքի պահեստներին և հրամանատարական շտաբներին՝ Մոհայի շրջանում և Մարիբ նահանգի Թադավին ճամբարում»,– նշել է նա։
Ապստամբների պնդմամբ՝ հարձակման հետևանքով կան «տասնյակ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ»։
Սարիան ընդգծել է, որ հութիները մտադիր են շարունակել ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի ուժերի դեմ, որոնք, նրա խոսքով, ձգտում են սրել հակամարտությունը։ Բացի այդ, ապստամբները կոչ են արել Էր-Ռիադի գլխավորած արաբական կոալիցիայի կողմից կռվող Եմենի քաղաքացիներին վայր դնել զենքը և լքել հակառակորդի շարքերը։
