Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախորդ երեկոյան անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն անխուսափելի է, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
13-րդ հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) բարձրաստիճան սպան հաստատել է, որ իսրայելցի զինվորականներն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հետ համաձայնեցրել են գործողությունների համատեղ ծրագրերը։
«ՑԱԽԱԼ-ն ու CENTCOM-ն ունեն համատեղ համաձայնեցված ծրագրեր։ Հարցը ժամկետների մեջ է»,- հայտարարել է սպան։
Ըստ նրա՝ Իսրայելն ու ԱՄՆ-ը սպասում են հետագա գործողությունների վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, ինչպես նաև գործողությունն իրականացնելու համար հարմար պահի։
Այս հաղորդագրությունը հրապարակվել է CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերի՝ ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրի և Իսրայելի ուժային կառույցների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների, այդ թվում՝ «Մոսադի» ղեկավար Ռոման Գոֆմանի հետ հանդիպումից հետո։ Հանդիպումը տեղի է ունեցել նախորդ օրը։
Բանակցություններից հետո Կուպերը մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ։
