Երեկ Analitik.am-ը անդրադարձել էր քաղաքային տրանսպորտի երեկոյան ժամերին վատ աշխատելուն: Տեսանյութ էինք հրապարակել, որտեղ մեր համաքաղաքացիները դժգոհում են ժամը 19:00-ից հետո երթուղայինով տուն վերադառնալու գրեթե անհնարինությունից:
Այս մասին զրուցել էինք նաև Ուղևորափոխադրողների միության նախագահ Հ. Եղիազարյանի հետ: Նա ևս համաձայնեց, որ կա նման խնդիր և, նույնիսկ, խնդրի լուծման իր տարբերակներն ուներ, ինչը և առաջարկել է փոխքաղաքապետին:
Ի՞նչն է պատճառը, որ մայրաքաղաքային տրանսպորտի խնդրահարույց հարցը չի լուծվում: Այս հարցին մեր խնդրանքով պատասխանել է նաև քաղաքապետարանը:
Ստացված պատասխանում հայտնվում է, որ «Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային երթուղիների աշխատանքը ավարտվում է ժամը 23:00-ից 23:30-ի սահմաններում, սակայն առանձին երթուղիներում, անսարք ավտոմեքենաների քանակի ավելացման և, հիմնականում, անհրաժեշտ քանակի վարորդների բացակայության պատճառով, առայժմ հնարավոր չի լինում ապահովել երթուղիների սպասարկումը մինչև վերը նշված ժամերը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, երթուղիները սպասարկող կազմակերպությունները զգուշացվել են, սակայն նրանց նկատմամբ առանձին պատժամիջոցներ (որոշումներ) չեն կիրառվել:
Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը ամբողջապես կկանոնակարգվի նոր երթուղային ցանցի գործարկմամբ»:
Այն, որ իրավասու մարմինը չի ժխտում խնդրի առկայությունը, լավ է, անհասկանալի է միայն՝ ինչ է նշանակում երեկոյան ժամերին տրանսպորտի, մեղմ ասած, վատ աշխատանքը «անսարք ավտոմեքենաներով» կամ «անհրաժեշտ քանակի վարորդների բացակայությամբ» պայմանավորել...
Ի՞նչ է, ստացվում է. նույն այդ մեքենաները ողջ օրվա ընթացքում անխափան աշխատում են, երեկոյան՝«անսա՞րք» են: Իսկ վարորդնե՞րը: Այլ հարց է, որ ինչպես Ուղևորափոխադրողների միության նախագահը նշեց, «վերջին երթը կատարելը շահութաբեր չէ, դրա համար էլ չեն աշխատում», և բոլորովին այլ է ներքաղաքային ուղևորափոխադրողների ոչ պատշաճ աշխատանքը «անհրաժեշտ քանակի վարորդների բացակայությամբ» պայմանավորելը: Եվ դեռ անհայտ է, թե երբ է կանոնակարգվելու այս գործընթացը: Մինչև «Երևանի ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների նոր երթուղային ցանցի գործարկու՞մը», ինչպես հայտնում է քաղաքապետարանը: Այսինքն, մինչև ե՞րբ:
Անորոշ են ոչ միայն նոր երթուղային ցանցի գործարկման ժամկետները, այլև՝ պայմանները. չէ որ ուղևորափոխադրողների շահերը ներկայացնող կազմակերպության նախագահը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իրենք առաջարկել էին քաղաքապետարանին այդ ժամերի համար կա՛մ փոխհատուցել, կա՛մ՝ սակագինը վերանայել: Առայժմ ոչ մեկն է դիտարկվում, ոչ էլ՝ մյուսը:
Ինչպես ժողովուրդն է ասում՝ «է՛շ, մի սատկիր, գարուն կգա» ...
0Comments