Իսրայելի զինծառայողները հատել են սիրիական սահմանը և մտել երկրի հարավում գտնվող Դերաա նահանգի արևմտյան հատված։ Այս մասին հայտնել է Syria TV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ իսրայելցի զինվորականները կրակ են բացել երկու բնակավայրերի ուղղությամբ, որից հետո վերադարձել են իրենց դիրքեր։ Խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կամ տուժածների մասին հաղորդումներ չեն եղել։
Ավելի վաղ սիրիական իշխանությունները բազմիցս մեղադրել էին Իսրայելին երկրի հարավային շրջաններում իրավիճակն ապակայունացնելու փորձերի համար։ Միևնույն ժամանակ, Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հուլիսի 26-ին հայտնել էր, որ Դամասկոսը ձգտում է խուսափել Իսրայելի հետ առճակատումից և բարեկամ պետությունների աջակցությամբ աշխատում է համաձայնության հասնել անվտանգության ոլորտում։
