Եվրոպական երկրները Թուրքիայից փաստաթղթային հավաստիացում են պահանջում առ այն, որ Սակարիա հանքավայրից մատակարարվող բնական գազը ռուսական ծագում չունի։

Այս մասին AHaber-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Նրա խոսքով՝ տեխնիկական տեսանկյունից չափազանց բարդ է որոշել գազի ծագումնաբանությունն այն բանից հետո, երբ այն լցվում է ընդհանուր գազատար համակարգ, սակայն արտահանման պայմանագրեր կնքելիս Անկարան պարտավոր է փաստաթղթերով հիմնավորել վառելիքի ծագման երկիրը։

Թեև եվրոպական կողմի հետաքրքրությունը թուրքական գազի նկատմամբ մեծանում է, երկրի ներսում առկա զգալի պահանջարկը սահմանափակում է Անկարայի արտահանման հնարավորությունները։

Share.