Ինչպես «փչացավ» Քոչարյան Անդրանիկը

Իշխանություններին 10 զոհերի հարցը չի էլ հետաքրքրում

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքային էքստազի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտվել է։ Հետագայում սկսեցին լղոզել նրա հայտարարությունները, թե բա նա նկատի ուներ, որ շղթան է բացահայտվել, ֆլան, ֆստան։

Փաստն այն է, որ «Մարտի 1»–ի գործի բացահայտումը նախևառաջ նշանակում է 10 զոհերի մահվան հանգամանքների, սպանության պատվեր տվողների ու սպանություն իրականացնողների բացահայտում։ Նման բան չկա։

Իշխանություններին 10 զոհերի հարցը չի էլ հետաքրքրում։ Իսկ եթե հետաքրքրում է, ապա միայն շահարկման առումով։

Նիկոլ Փաշինյանին պետք էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորում, այլ ոչ թե «Մարտի 1»–ի գործի բացահայտում։ Բայց քանի որ պոպուլիստական հայտարարությունը հնչել էր, ուստի սկսեցին նաև սպանության «բացահայտումներով» զբաղվել։ Ապօրինի մեղադրանք առաջադրեցին ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։

Փաշինյանին այնքան էր պետք բացահայտում–շոուն, որ նա, խախտելով Պետրոսյանի անմեղության կանխավարկածը, տարածեց, թե բա սպանողներից մեկին հայտնաբերել ենք ու շտաբի նախկին պետը մարդասպան է։ Նիկոլի այդ արածների քարոզչագործիքը դարձավ տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը, ով «Ազատության» եթերում շտապեց հայտարարել, որ կա սպանության բացահայտում։ Նա որպես հաստատված փաստ էր ներկայացնում այն, որ Գեղամ Պետրոսյանն է սպանություններից մեկի հեղինակը։

Լևոնական ռեժիմի արտադրական թափոն հանդիսացող սույն Քոչարյան Անդրանիկը եթերից տուն չէր գնում՝ փորձելով պահել Նիկոլի հետույքը և խաբելով, թե, իբր, 10 զոհերի հարցին են հասնում։ Թե քանի գրոշ արժեին Նիկոլի պնդումները և Քոչարյան Անդրանիկի փաստաբանությունը, կարելի է եզրակացնել օրերս տեղի ունեցած իրադարձությունից։

Գեղամ Պետրոսյանն ազատ է արձակվել կալանքից։ Նրան առաջադրված մեղադրանքը չի հաստատվել։ Ասել է թե՝ Անդրանիկ Քոչարյանը «փչացավ» և դարձավ պրոֆեսիոնալ ստախոս։ Անդրանիկի մյուս խոսքերի արժեքն ու հիմնավորվածությունը նույն բնույթի են՝ դատարկություն և չհիմնավորվածություն։ Հիմա նա պետք է գնա նույն «Ազատության» եթեր, իշխանության սիրելի Հրայր Թամրազյանին հարցազրույց տա և ներում հայցի նախ Գեղամ Պետրոսյանից, ապա նաև իրենց լսարանից՝ լկտի ստեր տարածելու և հանրությանը մանիպուլացնելու համար։ Բայց քանի որ Քոչարյան Անդրանիկի համար ստելն ու դեմագոգիայով զբաղվելը «խասիաթ» է, ուստի սրանք ներողություն չեն խնդրի ու այնքան կշարունակեն իրենց «մուտիտները», քանի դեռ քաղաքական դաշտի աղբահանություն չի իրականացվել։ Ու «Սանիտեքին» պետք չէ այս հարցում մեղադրել։ Քաղաքական դաշտի մաքրությունը քաղաքական մարդկանց գործն է։

Պետրոս Ալեքսանյան

7or.am