Autocar-ի տվյալներով՝ Mercedes-Benz-ը պատրաստվում է վերադարձնել G-Class SUV-ի կաբրիոլետ տարբերակը։
Մեքենայի արտադրությունը դադարեցնելուց գրեթե տասը տարի անց կաբրիոլետը կրկին հայտնվել է ճանապարհային փորձարկումների ժամանակ։
Հրապարակված լուսանկարներում մեքենան պատկերված է բացված փափուկ տանիքով։ Ծալված վիճակում գործվածքային տանիքը զբաղեցնում է այն տարածքը, որտեղ գտնվում է ստանդարտ G-Class-ի բեռնախցիկը։
Նոր մոդելի տեխնիկական բնութագրերը դեռևս չեն բացահայտվել։ Այնուամենայնիվ, նախատիպն ունի կողային արտանետման խողովակներ, որոնք վկայում են AMG տարբերակի մասին։ Ստանդարտ Mercedes-AMG G63-ը հագեցած է 4.0 լիտրանոց երկտուրբո V8 բենզինային շարժիչով, որը զարգացնում է 577 ձիաուժ։
Պաշտոնական պրեմիերայի ամսաթիվը դեռևս հայտարարված չէ, բայց հաշվի առնելով, որ մեքենան արդեն անցնում է ճանապարհային փորձարկումներ և հիմնված է ներկայիս սերնդի G-Class-ի վրա, դրա դեբյուտը սպասվում է առաջիկա ամիսներին։
Կաբրիելետի գինը, ենթադրաբար, զգալիորեն ավելի բարձր կլինի, քան ստանդարտ մոդելները, որոնք սկսվում են մոտավորապես 175,000 դոլարից։
G-Class-ի բաց տանիքով տարբերակները արտադրվել են մոդելի ստեղծման օրվանից։ Առաջին երկդռնանի կարճ անիվային բազայով կաբրիոլետը թողարկվել է 1979 թվականին և մնացել է արտադրության մեջ մինչև 2013 թվականը։
2017 թվականին Mercedes-Benz-ը ներկայացրեց նաև գերշքեղ Mercedes-Maybach G650 Landaulet-ը։ 6.0 լիտրանոց երկտուրբո լիցքավորված V12 բենզինային շարժիչով, որը զարգացնում էր 621 ձիաուժ, մեքենան հիմնված էր G63 4×4² SUV-ի վրա։ Արտադրվել է ընդամենը 99 օրինակ։
Մոդելն ուներ առջևի ուղևորի խցիկի վրա կոշտ տանիք, ծալովի փափուկ տանիք՝ հետևի ուղևորների համար, երկու առանձին հետևի նստատեղեր և արժեր մոտավորապես 810,000 դոլար։
