Իլոն Մասկը չէր թաքցնում իր հիացմունքը Tesla Roadster նոր էլեկտրամեքենայի ներկայացումից հետո, որը, ընկերության հայտարարության համաձայն, ունակ է օդ բարձրանալ և 97 կմ/ժ արագության հասնել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Տեխաս նահանգի Մակգրեգոր քաղաքում գտնվող SpaceX-ի հարթակում կայացած միջոցառման ժամանակ 55-ամյա SpaceX-ի հիմնադիրը պատմել է, որ Roadster-ի նոր սերունդը «ըստ էության կարող է հրթիռի պես թռչել», կատարել շրջումներ և այլ բարդ հնարքներ։ Ցուցադրության ընթացքում մեքենան իսկապես օդ էր բարձրանում և կատարում տպավորիչ մանևրներ։

«Դե, աշխատեց», — կատակել է Մասկը ցուցադրության հաջող ավարտից հետո։ Նրա կողքին էին Tesla-ի ավտոմեքենաների մշակման գծով փոխնախագահ Լարս Մորավին և ընկերության գլխավոր դիզայներ Ֆրանց ֆոն Հոլցհաուզենը։

Մասկը խոստովանել է, որ իրեն խելագար էր համարում, երբ առաջին անգամ թիմին առաջարկել էր նոր Roadster-ի կոնցեպտը։ Միևնույն ժամանակ նա վստահ է, որ այս մեքենան կգերազանցի Ջեյմս Բոնդի ցանկացած ավտոմեքենայի։

Նրա խոսքով՝ արդյունքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Tesla-ի, որը նա անվանել է աշխարհի լավագույն ավտոարտադրողը, և SpaceX-ի, որը նա ներկայացրել է որպես լավագույն հրթիռային ընկերություն, համագործակցության շնորհիվ։

«Սա Tesla-ի և SpaceX-ի ինժեներների հսկայական աշխատանքի արդյունքն է, որոնք սերտ համագործակցել են՝ ստեղծելու մի բան, որը դուք չեք տեսել ոչ մի ֆիլմում», —ըստ news.am-ի՝ հայտարարել է գործարարը։

Ցուցադրության ընթացքում Roadster-ը անցել է կորացած թեքահարթակով՝ անիվները վերև, ապա շրջվել է օդում։

Ցուցադրության ընթացքում մեքենայի սրահում վարորդ չի եղել․ Մասկը դա բացատրել է նրանով, որ չէր ուզում «ինչ-որ մեկին սպանել»։ Roadster-ը վայրէջք է կատարել ներկառուցված ռեակտիվ շարժիչների օգնությամբ։ Այնուհետև ներկայացման հաջորդ փուլում այն ցուցադրել է մի հնարք, որը հիշեցրել է օդում կատարվող շրջում։

Մեքենան արագացել է բեռնատարի և Tesla-ի մյուս մեքենաների ուղղությամբ, ապա մոտ 6,4 մետր բարձրությամբ օդ է բարձրացել, կատարել պտույտ և վայրէջք կատարել։

Մեքենայի արտադրությունը նախատեսվում է սկսել 2028 թվականին։ Performance տարբերակը պատվիրելու համար անհրաժեշտ կլինի վճարել 50 հազար դոլար դեպոզիտ։ Ավելի թանկ Thrust մոդիֆիկացիան, որը հագեցած է քարշի արագացուցիչներով, կպահանջի 250 հազար դոլար կանխավճար։

Ներկայացման ընթացքում Մասկը հայտարարել է, որ մեքենան կհայտնվի ճանապարհներին, սակայն հետո հստակեցրել է, որ դրա օրինականությունը կախված կլինի կոնկրետ իրավազորությունների օրենսդրությունից։

Պատասխանելով հանդիսատեսի հարցին՝ արդյոք հնարավոր կլինի Roadster-ով օրինական կերպով երթևեկել սովորական ճանապարհներով, Մասկը հավելել է, որ շատ բան կախված կլինի կոնկրետ փողոցից, սակայն մեքենան պիտանի կլինի օգտագործման համար։

Share.