Սա լոկալ հակահեղափոխության հաջողված փորձ էր, իսկ ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը զբաղված են մայմունությամբ

Հնարավոր է, որ այդ ակցիաները լինեն նաեւ այլ քաղաքներում, իսկ այդ հախուռն պրոցեսներն արդեն վերահսկել չի լինի

Հուլիսի 17-ին Իջեւանում տեղի ունեցան անթույլատրելի դեպքեր․ապօրինի ծառահատումներով զբաղվող քաղաքացիները կազմակերպեցին ակցիա, եւ չենթարկվելով ոստիկանության օրինականության պահանջներին, բախումների դիմեցին։ Դրանց հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացան 12 ոստիկան եւ 2 քաղաքացի։

Տարբեր վարկածներ են շրջանառվում, որ այդ ամենը կազմակերպվել էր նախկին իշխանությունների կողմից։ 

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե այդ ակցիան արդյոք ահազանգ չէ՞ իշխանությունների համար։

«Ոչ մի բան պատահական չէր։ Երբ վերլուծում ենք վառելափայտի շուկային վերաբերող   տեղեկատվությունը, ապա դա նույն կոռուպցիոն համակարգի մի մասն է, որը եւս գերշահույթ էր ապահովում։ Ցավոք, պետք է արձանագրենք, որ մեղավոր են նաեւ իշխանությունները։ Դա լուրջ ակցիա էր, լոկալ հակահեղափոխության փորձարկում։ Այդ ընթացքում օգտագործվեցին եւ՛ հինգերորդ շարասյան հնարավորությունները, եւ՛ հակահեղափոխությունը, եւ՛ կոռուպցիոն- մաֆիոզ համակարգի պարագլուխներն օգտագործեցին հանապազօրյա հացի խնդիր լուծող մարդկանց»,- Hraparak.am-ի հետ զրույցում նշեց Պետրոս Մակեյանը։

Մակեյանի հավաստմամբ՝ իշխանությունները կիսատ-պռատ են իրականացնում բարեփոխումները։ Նա նշում է, որ անցյալ տարի սկսեցին բարեփոխումները, վառելափայտի գները բարձրացան, հետո հետ կանգնեցին, այդ բեռը մնաց սոցիալապես անապահով ժողովրդի ուսերին, իսկ համակարգի մյուս անհատները սկսեցին գերշահույթ ստանալ։

Մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է դադարեցվեն անտառահատումները, բայց այդ ոլորտում չպետք է լինեն կիսատ-պռատ բարեփոխումներ։

«Այստեղ պետք է արձանագրենք Ազգային անվտանգության ծառայության եւ Ոստիկանության չգոյությունը։ Իջեւանում տեղի ունեցածը մեկ օրվա բան չէր, այլ շաբաթներով կազմակերպված գործընթաց։ Եթե ԱԱԾ-ն լիներ իր տեղում, ապա ժամանակին կբացահայտվեին պարագլուխները, եւ այդ ամենը տեղի չէր ունենա։ Հիմա մենք ունեցանք լոկալ հակահեղափոխության հաջողված փորձ։ Ես այսօր մտահոգված եմ, որ այսօր ԱԱԾ-ն եւ Ոստիկանությունը զբաղված են մայմունությամբ, լրջորեն զբաղված չեն նման օջախները բացահայտելով։ Եվ եթե իշխանությունները դասեր չքաղեն այդ ամենից, ապա շատ վտանգավոր հեռանկար կունենանք։ Հնարավոր է, որ այդ ակցիաները լինեն նաեւ այլ քաղաքներում, իսկ այդ հախուռն պրոցեսներն արդեն վերահսկել չի լինի»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Թագուհի Հակոբյան