Դերասանուհի Յուլյա Ֆինկն ու հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանը 9 տարվա համատեղ կյանքից հետո տարեվերջին զույգ որդիներ ունեցան: Փոքրիկների ծնունդը նրանց կյանքում շատ սպասված էր: Ամուսինների կյանքում եղած փոփոխությունը ոչ միայն անսահման երջանկություն, այլև հաճելի խառնաշփոթ բերեց: Յուլյան խոստովանում է, որ երբեմն մայրական խուճապի մեջ է ընկնում, սակայն նույնիսկ դա է հաճելի:
Դերասանուհին պատմել է նոր կարգավիճակի, որդիների, նրանց ծննդից հետո ամուսնու հետ հարաբերությունների և աշխատանքի վերադառնալու մասին:
Յուլյան սկսել է նկարահանվել «Շանթ» հետռուստաընկերության նոր նախագծերից մեկում: Ասում է՝ աշխատանքի վերադառնալու որոշումն ամուսնու հետ են կայացրել: «Ես ու Արտյոմը հասկացանք, որ ես անպայման պետք է դուրս գամ տանից, աշխատեմ: Այդպես ինչ-որ առումով նաև ցրվում ես, քանի որ երեխաների խնամքը բավականին բարդ է: Մի երեխայի հետ կարող ես օրվա ընթացքում, օրինակ, խանութ կամ զբոսանքի գնալ գնալ, երկուսի հետ՝ ոչ: Այս առումով աշխատանքային զբաղվածություն ունենալը կարևոր էր»,- ասաց նա ու հավելեց, որ իր բացակայության ժամանակ փոքրիկների խնմաքով զբաղվում են մայրիկը կամ քույրիկը:
Պարզվում է՝ Արտյոմը ևս հասցրել է հմտանալ և բավականին լավ է զբաղվում փոքրիկների խնամքով: «Արտյոմն ինձ օգնում է ամեն ինչով: Եթե նա չօգներ, ոչինչ չէի հասցնի: Միայն ճաշիկ չի սարքում երեխաների համար: Նա և՛ քնեցնում է երեխաներին, և՛ ուտացնում, և՛ տանում զբոսանքի»,- ասաց Յուլյան ու հավելեց, որ, երբեմն, ինքն ու ամուսինն առանձին-առանձին են երեխաներին տանում զբոսանքի:
Այս շրջանը հուզմունքային առումով բավականին բուռն էր նորաթուխ մայրիկի համար․ ասում է՝ երեխաների ծննդից հետո էմոցիաներն այլ էին, չէր հասկանում՝ ինչ է կատարվում: Յուլյան ու Արտյոմը բավականին երկար են սպասել ընտանիքի համալրմանը: Դերասանուհին հպարտությամբ նշում է, որ ի տարբերություն շատ զույգերի, դա խնդիր չի ստեղծել իրենց հարաբերություններում, սակայն հիմա կյանքն ավելի լիարժեք է դարձել:
«Երջանկությունը հարաբերական է, չես կարող միշտ երջանիկ լինել, սակայն ես, իհարկե, երջանիկ եմ: Սրանից ավելի գեղեցիկ, համով, հետաքրքիր աշխարհում ոչինչ չկա: Սա այն էր, ինչին ես ու Արտյոմը երկար էինք սպասել: Զգացողություններս գույների պես են, ամեն օր մի նոր գույն եմ բացահայտում, որովհետև ամեն օր նոր մի բան են անում: Երբ քնում են, նույնիսկ կարոտում եմ: Իրենց հետ շատ հետաքրքիր: Երեխաների հետ մեր կյանքը լիարժեք է դարձել, չնայած բարդացել է: Սկզբում մտածում էինք՝ ինչպես կազամակերպել օրը, վեճեր էին լինում: Հիմա արդեն սովորել ենք, օրինակ, տանից դուրս գալուց առաջ ով ինչ պետք է վերցնի, որպեսզի արագ կազմակերպենք ամեն բան և ավելի համախմբված ենք»,- պատմեց նորաթուխ մայրիկը:
Յուլյան նկատեց, որ մինչև երեխաների ծնունդը կարծում էր, թե ամեն ինչ հասցնելու է, քանի որ իր մոտ միշտ ամեն ինչ դասակարգված է եղել, սակայն հասկացավ, որ ոչինչ չի հասցնում: Այնուամենայնիվ, նա չի հանձնվում: «Շատ դժվար է: Ինձ ասում էին՝ առաջին ամիսն ամենադժվարն է, բայց ինձ թվում է՝ առաջին ամիսն ավելի հեշտ էր, քան հիմա: Երեկոյան երեխաներին քնեցնում եմ, մտածում եմ՝ կարող ենք ֆիլմ դիտել, բայց ես էլ եմ պառկում ու միանգամից քնում,- ասաց նա ու հավելեց, որ իր զբաղվածության պատճառով ամուսինն ուշադրության պակաս չի զգում և չի գանգատվում,- Մեր օրն այնքան հագեցած է: Եթե Արտյոմն աշխատանքի չէ, միասին ենք անում ամեն ինչ: Այդ իսկ պատճառով խնդիր չի առաջանում: Ըստ էության՝ մեր առօրյան ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է, բայց երեխաների հետ»:
Յուլյան նշեց, որ ամուսնու հետ նախկինի պես հաճախում են տարբեր վայրեր, միակ բանը, որին չկարողացան տրամադրվել՝ ծովային հանգստի մեկնելն է․ «Ես կարծում էի, որ կմեկնենք հանգստի և որևէ հարց չի առաջանա, սակայն հասկացա, որ երկու մանկահասակ երեխայի հետ հանգիստ կազմակերպելն իրատեսական չէ և հրաժարվեցի այդ մտքից»:
Ամուսինները դեռ չեն դիմել դայակի օգնության, չնայած Յուլյան մտածում է այդ մասին․ «Ես նախընտրում եմ ունենալ դայակ, որն ինձ հետ կլինի օրվա ընթացքում և կօգնի խնամել երեխաներին, քանի որ երբեմն միաժամանակ սկսում եմ լացել, սովածանալ, իսկ ես մենակ եմ»:
Զույգ երեխաների խնամքը որքան բարդ, նույնքան էլ հետաքրքիր է: Յուլյան հիշում է, որ երբ իմացավ, որ զույգ երեխայի են սպասում և՛ ուրախ էր, և՛ վախեցած: Մայրիկը վստահ էր, որ երեխաներն աղջիկ և տղա են լինելու, թեև այդպես չեղավ, նա միևնույն է երջանիկ է:
Տղաներին խառնելու դեպքեր չեն եղել, քանի որ նրանք արտաքնապես շատ տարբեր են: «Մուշեղն Արտյոմին է նման, Լեոն՝ ինձ: Բնավորությամբ հակառակն է՝ Մուշեղն ինձ է նման՝ շատ հանգիստ է, համբերատար, չի լացում, ընդհանրապես քաղցր չի սիրում, Լեոն՝ Արտյոմին՝ ավելի աղմկոտ է և քաղցրակեր: Երկուսն էլ անկարգ են, բայց քիչ են լացում»,- ասաց մայրիկը:
Զույգը չի շտապում հրապարակել փոքրիկների լուսանկարները, սակայն Յուլյան նշեց, որ նկար չհրապարակելը հատուկ միտում չունի, պարզապես դեռ չեն զգում, որ նման ցանկություն ունեն․ «Մենք դուրս ենք գնում, բոլորը տեսնում են երեխաներին, բայց դեռ չենք տրամադրվում լուսանկար հրապարակել։ Սնահավատություն կամ վախ չկա, պարզապես դեռ չենք զգացել, որ պահն է»:
Ի դեպ, նորաթուխ մայրիկի լուսանկարներից երևում է, որ ծննդաբերությունից հետո արագ վերադարձել է նախկին քաշին: նա նշեց, որ նման խնդիր չի ունեցել: «Ես շատ քաշ չէի հավաքել, մոտ 10 օրվա ընթացքում վերադարձա իմ նախկին քաշին: Հիմա քաշս ավելացել է, բայց շատ քիչ, տարբերությունը մեծ չէ: Այնպիսին եմ, ինչպես եղել եմ: Հատուկ ոչինչ չեմ արել, կատակում եմ, որ ինձ մոտ գիշերային ֆիթնես է, որովհետև երեխաներին օրորելիս անընդհատ պարի մեջ եմ»,- ծիծաղելով ասաց նա:
0Comments