Նյու Յորքում աղբատարն էստակադայից ընկել է ճանապարհի վրա. կան տուժածներ

Վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է թունելով երթևեկությունը

Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի Լինքոլնի թունելից ոչ հեռու տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 12 մարդ է տուժել: Նշվում է, որ աղբատարի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը և էստակադայից ընկել ցած՝ թունելի մուտքի մոտ, հաղորդում է ABC News-ը:

Նյու Ջերսիի Յունիոն Սիթի քաղաքի հանրային աշխատանքների դեպարտամենտին պատկանող աղբատար մեքենայում երկու մարդ է եղել: Բեռնատարը ճեղքել է պատնեշը և ընկել դեպի Նյու Ջերսի նահանգ տանող թունելի մոտ:

Թունելով այդ պահին երթևեկող տրանսպորտային միջոցներում 3, իսկ անցնող ավտոբուսի հետնամասում առնվազն 5 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Վիրավորներից երեքը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում, սակայն նրանց վնասվածքների բնույթի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Վթարի հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է թունելով երթևեկությունը: Այն արդեն վերաբացվել է։