Հետազոտողը, որին հաջողվել է վերծանել այն ձայները, որոնցով թռչունները հաղորդակցվում են միմյանց հետ, ստացել է 100 հազար դոլարի մրցանակ՝ մարդկանց և կենդանիների միջև երկկողմ հաղորդակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար, հայտնել է The Guardian-ը։

Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանի դոկտոր Ջուլի Էլին դարձել է 2026 թվականի Coller-Dolittle մրցանակի դափնեկիր այն բանից հետո, երբ առանձնացրել է զեբրային ամադինայի ազդանշանների 11 հիմնական տեսակ և պարզել դրանց նշանակությունը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ թռչունները տարբեր ձայներ են օգտագործում՝ հաղորդելու, թե ովքեր են իրենք և ինչ են անում, ինչպես նաև ճանաչում են միմյանց անհատական ձայնային «ստորագրություններով»՝ անկախ ազդանշանի բովանդակությունից։ Բացի այդ, Էլին հայտնաբերել է, որ սխալվելիս թռչուններն ավելի հաճախ շփոթել են նման իմաստ ունեցող, այլ ոչ թե նման հնչողությամբ ազդանշանները։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Հուսով եմ՝ մեր աշխատանքը ևս մեկ առաջընթաց քայլ է կենդանիների հետ հաղորդակցվել սովորելու ձգտման ճանապարհին», — ասել է Էլին։

Ժյուրիի նախագահ, Թել Ավիվի համալսարանի կենդանաբան Յոսի Յովելը հետազոտությունն անվանել է «ամենակարևոր հանգրվանն» այս ոլորտում։

Մրցանակը սահմանել է 2024 թվականին Ջերեմի Քոլերի հիմնադրամը, որը զբաղվում է կենդանիների բարեկեցության և նրանց գիտակցության ուսումնասիրության հարցերով, Թել Ավիվի համալսարանի հետ համատեղ։ Բացի ամենամյա մրցանակներից, հիմնադրամը հայտարարել է նաև 10 միլիոն դոլարի գլխավոր մրցանակ լիարժեք երկկողմ մարդ-կենդանի հաղորդակցության խնդրի լուծման համար։

Էլին ընտրել է զեբրային ամադինային, քանի որ այն շատ «խոսող» թռչուն է, ինչը թույլ է տալիս հավաքել մեծ ծավալի տվյալներ։ Ավելի քան տասը տարի նա հետևել է թռչնին, ձայնագրել ազդանշանները, դասակարգել դրանք՝ կախված իրավիճակից և կոնկրետ առանձնյակից, ապա մեքենայական ուսուցման մեթոդների օգնությամբ պարզել, թե ինչպես է այդ վոկալիզացիաներում կոդավորվում տեղեկատվությունը։

Դրանից հետո հետազոտողը փորձարարական եղանակով ստուգել է իր եզրահանգումները։ Փորձերից մեկում թռչունները կարող էին սեղմել կոճակ՝ ծանոթ ազդանշաններից մեկը լսելու համար։ Դրանցից մի քանիսն ուղեկցվում էին պարգևատրմամբ՝ սերմերի տեսքով։ Ժամանակի ընթացքում ամադինաները սովորել են բաց թողնել այն ազդանշանները, որոնցից հետո պարգև չէր հետևում։ Էլիի խոսքով՝ սա հիշեցնում է մարդկանց վարքագիծը, երբ նրանք սոցիալական ցանցերում արագ շրջանցում են իրենց անհետաքրքիր տեսանյութերը։

Հատկապես կարևոր էր այն, որ սխալվելիս թռչունները զգալիորեն ավելի հաճախ շփոթում էին նույն նշանակությունն ունեցող ազդանշանները, քան հնչողությամբ նմանները։ Էլիի կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ նրանք մտավոր պատկերացում ունեն իրենց սեփական վոկալիզացիաների իմաստի մասին և հասկանում են տարբեր տեսակի ազդանշանների նշանակությունը։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի փիլիսոփա Ջոնաթան Բյորչը, որը ժյուրիի կազմում էր, Էլիի աշխատանքն անվանել է «խիստ ֆենոմենալ»։ Նրա խոսքով՝ նա ոչ միայն կազմել է զեբրային ամադինաների տասնմեկ հիմնական «բառերից» բաղկացած «բառարան», այլև կարողացել է համոզիչ կերպով հաստատել իր եզրակացությունների ճշտությունն ինքնատիպ փորձերի միջոցով։

Մրցանակի եզրափակիչ փուլ անցածների թվում էին նաև ֆրանսիացի հետազոտողները, որոնք ցույց են տվել, որ աֆրիկյան գծավոր մկները իրենց անհատականությունը փոխանցում են ուլտրաձայնային ճռինչներով, շվեյցարա-ամերիկյան համատեղ խումբը, որը հայտնաբերել էր, որ բոնոբոները առանձին ազդանշանները միավորում են մարդկային նախադասություններ հիշեցնող հաջորդականությունների մեջ, ինչպես նաև ֆրանսիական թիմը, որը Կոտ դ’Իվուարի գիտնականների հետ միասին աշխատել էր շիմպանզեների տարբեր ճիչերի վերծանման վրա։

Յովելի խոսքով՝ արհեստական բանականության ալգորիթմները զգալիորեն արագացնում են կենդանիների հաղորդակցության վերծանումը, սակայն լիարժեք երկկողմ հաղորդակցության հասնելու համար դեռ ճանապարհ պետք է անցնել։ Մրցանակի հիմնադիր, բրիտանացի ֆինանսիստ Ջերեմի Քոլերն ավելի լավատեսորեն է տրամադրված։ Նա համոզված է, որ արհեստական բանականության արագընթաց զարգացման շնորհիվ կենդանիների հաղորդակցության կոդը կհաջողվի վերծանել արդեն մինչև 2030 թվականը, և դա բեկում կդառնա ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանական աշխարհի համար։

Share.