Նեղոսի արևմտյան ափին՝ ժամանակակից Լուքսորի մոտ գտնվող Թեբեի նեկրոպոլիսում, հնագետները հայտնաբերել են նախկինում անհայտ, մոտ 3000 տարվա հնության դամբարան, գրում է The Conversation-ը։
Ներսում պահպանվել են վառ որմնանկարներ, որոնցում պատկերված են դամբարանի տերը, նրա կինը և հին եգիպտական աստվածները։
Գտածոն արվել է Ստորին Շեյխ Աբդ էլ-Քուրնա շրջանում, որտեղ միջազգային հետազոտական խումբը աշխատանքներ է իրականացնում հնագույն նեկրոպոլիսի պահպանման համար։ Տարածքը գտնվում է Թեբեական լեռների ստորոտում և հատկապես խոցելի է հանկարծակի հեղեղումների նկատմամբ։ Հնագետները մաքրում էին տարածքը և հեռացնում կուտակված հողն ու բեկորները, որպեսզի անձրևաջրերի հոսքերը հեռացնեն հնագույն դամբարաններից, երբ հայտնաբերեցին նախկինում անհայտ թաղումը։
Դամբարանը բնորոշ է Նոր թագավորության շրջանի Թեբեի էլիտար թաղումներին (մոտ մ.թ.ա. 1550–1069 թվականներ)։ Այն ներառում է արտաքին բակ, ժայռի մեջ փորված մատուռ և ստորգետնյա թաղման սենյակներ։ Բակում պահպանվել են ստելայի համար նախատեսված խորշով աղյուսե հարթակ և աստիճանավանդակ՝ երկու կողմերում թեքահարթակներով։
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մատուռի ներսի որմնանկարները։ Դրանցում դամբարանի գլխավոր տերը պատկերված է տարբեր աստվածություններին երկրպագելիս, ինչպես նաև կնոջ հետ միասին նստած՝ ընծաներով սեղանի առաջ՝ հացով, գարեջրով, մրգերով, մսով և ծաղիկներով։ Պատկերների բնույթի և գեղանկարչական ոճի հիման վրա գիտնականները դամբարանը թվագրել են Ռամեսյան ժամանակաշրջանով (մոտ մ.թ.ա. 1292–1069 թվականներ)։
Նախնական վերլուծությունը թույլ է տվել պարզել տիրոջ անունը՝ Պասեր անունով պաշտոնյա։ Սակայն որմնանկարները ծածկված են կեղտի շերտով, ուստի դրանց մաքրումից հետո մասնագետները հույս ունեն նոր տեղեկություններ ստանալ Պասերի, նրա ընտանիքի և այլ մարդկանց մասին, որոնք հետագայում կարող էին թաղված լինել այս դամբարանում։
Գտածոն կարևոր է ոչ միայն լավ պահպանված պատկերների շնորհիվ։ Այն կարող է օգնել գիտնականներին հասկանալ, թե ինչու Ռամեսյան ժամանակաշրջանի պաշտոնյաները թաղումների համար ընտրում էին XVIII դինաստիայի ազնվականների ավելի վաղ դամբարանների հարևանությամբ գտնվող տեղամասեր, իսկ երբեմն նաև կրկնակի օգտագործում և վերակառուցում էին արդեն գոյություն ունեցող թաղման համալիրները։
Մոտ 10 քառակուսի կիլոմետր մակերես ունեցող Թեբեական նեկրոպոլիսը շուրջ 500 տարի եղել է եգիպտական արքաների և էլիտայի ներկայացուցիչների գլխավոր թաղման վայրը։ Այստեղ գտնվում են Արքաների հովիտը, որտեղ թաղված են, այդ թվում, Թութանհամոնը և Ռամսես II-ը, Թագուհիների հովիտը և հարյուրավոր մասնավոր դամբարաններ։
Միաժամանակ Ստորին Շեյխ Աբդ էլ-Քուրնան մինչ օրս զգալիորեն ավելի քիչ է ուսումնասիրված, քան Լուքսորի և Կառնակի հանրահայտ հուշարձանները։ Վերջին տարիների հետազոտությունները ցույց են տալիս, որ այս շրջանը պարունակում է բազմաթիվ լավ պահպանված հնագիտական օբյեկտներ, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել Հին Եգիպտոսի առօրյա կյանքը, թաղման սովորույթներն ու արվեստը։
Գտածոների պահպանումը բարդանում է հանկարծակի հեղեղումների սպառնալիքով։ Ջուրը կարող է խթանել աղային բյուրեղների առաջացումը, վնասել որմնանկարները և թուլացնել դամբարանների կառուցվածքները։ Այդ պատճառով այստեղ հնագիտական հետազոտությունները միաժամանակ ծառայում են նաև հուշարձանների ոչնչացումը կանխելու նպատակներին, որոնց սպառնում են կլիմայի փոփոխության հետևանքները։
