Հայ-վրացական միասնական զբոսաշրջային փաթեթն ուժի մեջ է։ Այս մասին, այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:
«Վրացական տուրիզմը բավական զարգացած է, բայց նաեւ պետք է նայել, թե ինչ բնակլիմայական պայմաններ ունի Վրաստանը.,-ասաց նա՝ հավելելով, որ ռուսները գալիս են Վրաստան հանգստանալու, քանի որ ծովափնյա զբոսաշրջությունը այլ վայրերում ավելի թանկ է, քան Վրաստանում:
«Հայաստանը ծովափնյա տուրիզմ չի կարող առաջարկել, մենք առաջարկում ենք էքստրիմ տուրիզմ, մշակութային տուրիզմ, գաստրոտուրիզմ, որը կարող է միացյալ արդյունքով ծառայել եւ մեզ մոտ, եւ վրացիների»,-ընդգծեց փոխնախարարը:
Անդրադառնալով հայ-վրացական կամուրջի կառուցմանը, Ավանեսյանն ասաց, որ դա միանշանակ նպաստելու է հայ-վրացական առեւտրաշրջանառության աճին. «Նախ արագությունն է բարձրանալու, նաեւ ենթակառուցվածքների որակը: Սա առաջին ծրագրերից մեկը կարող է լիներ, որտեղ եւ հայկական, եւ վրացական կողմերը համագործակցելով ստեղծում են արդյունք: Եթե այս ծրագիրը հաջողի, մենք արդեն կփորձարկենք այլ ծրագրեր»:
Նշենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ:
0Comments