Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ալիքում գրել է, որ անհանգստացած է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ հունիսի 20-ից սկսվել են հակառուսական բողոքի ակցիաները:
«Ուզում եմ հիշեցնել, որ Գրոզնիից մինչեւ Թբիլիսի ընդամենը 200 կմ է»,-իր գրառումն այս տողերով է սկսել Կադիրովը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պառակտության մեղավորը «ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի սնած ու աճեցրած» քաղաքական գործիչներն են: «Ալլահը վկա է, որ մենք Չեչնիայում փորձում ենք հարթել սերտ կապերը Վրաստանի մտավորականների, գիտնականների, մշակույթի գործիչների հետ»,-ընդգծել է Չեչնիայի ղեկավարը:
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հարաբերությունների վատթարացման մեջ մեղադրելով Ռուսաստանին, սխալվել է: Հենց Ռուսաստանն է շահագրգռված, որ Վրաստանում տիրի խաղաղություն, միաբանություն եւ համաձայնություն»,-ավելացրել է Կադիրովը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2009թ.-ին Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է վերջ տա Ուկրաինայի եւ Վրաստանի նման «հիվանդություններին» եւ «գրոհի անցնի»: Նրա խոսքերը միջազգային սկանդալի պատճառ հանդիսացան, ինչից հետո Չեչնիայի ղեկավարի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ նրա խոսքերը խեղաթյուրվել են:
0Comments