Կինոոլորտը կարգավորող օրենսդրության մշակումն անհրաժեշտություն է անկախության առաջին իսկ տարիներից։ Այսօր «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին նման հայտարարություն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։ Միևնույն ժամանակ նա նկատեց, որ ոլորտի կարգավորմանը միտված քայլերն իրենց վերջնական հանգրվանին այս տարիներին չեն հասել։
«Ոլորտն օրենսդրորեն կարգավորելու նախաձեռնությունները, կարծես, չեն հասել որոշակի հանգրվանի: Մի դեպքում սա պայմանավորված է եղել ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը չգիտակցելով, մեկ այլ դեպքում՝ եղել է պարզապես քաղաքական կամքի բացակայության հետևանք»,- ասաց Խզմալյանը:
Փոխնախարարի գնահատմամբ՝ ոլորտը կարգավորող մեխանիզմների բացակայությունը անհետևանք չեն մնացել, քանի որ այն հանգեցրել է մի շարք բացասական հետևանքների: Ինչ վերաբերում է կինոարտադրության և կինոոլորտի անցյալին, Խզմալյանը նշեց, որ բոլորն էլ գիտենք, որ ունեցել ենք շատ անփառունակ էջեր և մեծ անկումներ այս ոլորտում:
«Օրինակ՝ գրեթե հիմնովին ոչնչացվել է «Հայֆիլմ» կինոստուդիան, կողոպտվել են հայկական կինոարտադրական ռեսուրսները, անմխիթար պայմաններում է հայտնվել հայկական կինոժառանգությունը, գրեթե ոչնչացվել է կինոթատրոնների ցանցը, չեզոքացվել է կինովարձույթը՝ որպես հասկացություն, տարիներ շարունակ կոռուպցիոն բազմաթիվ սխեմաներ են գործել կինոարտադրությունում և այս ամենը անարդյունավետ է դարձրել նախագծերը, վարկաբեկել է պետական աջակցության գաղափարը»,- շարունակեց Արա Խզմալյանը։
Միևնույն ժամանակ Խզմալյանը նկատեց, որ բոլոր դժվարություններով հանդերձ` նկարահանվել են ֆիլմեր։ Ըստ նրա՝ ոլորտի մասնագետները ինքնակազմակերպման ճանապարհով կարողացել են դուրս գալ միջազգային ասպարեզ, ապահովել են հայ կինոյի և միջազգային կինոյի կապը:
«Հայաստանը կունենար շատ ավելի զարգացած կինոարտադրություն, եթե տասնամյակներ առաջ մշակվեր հայ կինոյի զարգացման ռազմավարությունը, ստեղծվեին կինոոլորտը կարգավորող օրենսդրական հիմքեր»,- եզրափակեց Արա Խզմալյանը։
0Comments