Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ճշտում է Մոսկվա-Մուրմանսկ չվերթը կատարող ինքնաթիռում հայերի առկայությունը: Այդ մասին հաղորդվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շերեմետեւո օդանավակայանում վայրէջք կատարելիս ինքնաթիռ է հրկիզվել:
ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, «Աէրոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը կատարում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, թռիչքից 28 րոպե անց վերադարձել է Շերեմետեւո օդանավակայան եւ կատարել կոշտ վայրէջք: Ինքնաթիռը հաջողվել է նստեցնել միայն երկրորդ փորձից վատ եղանակային պայմանների պատճառով: Վայրէջքի ժամանակ կոտրվել են ինքնաթիռի հենակներն ու հրկիզվել շարժիչները:
Ուղեւորները լքել են ինքնաթիռն ինքնուրույն փչովի սանդուղքի միջոցով: Քննչական կոմիտեի տվյալներով՝ առնվազն մեկ մարդ է զոհվել արտակարգ պատահարի հետեւանքով: Հրդեհի հետեւանքով օդանավն այրվել է ամբողջությամբ:
Դեպքի առիթով Ռուսաստանի Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ ՔՕ 263 հոդվածի համաձայն՝ «Օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը ոչ միտումնավոր կերպով հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»: ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել է ստեղծել արտակարգ պատահարի հետաքննության հարցով պետական հանձնաժողով:
0Comments