Սոչիի Ալտմեց գյուղը կարող է դառնալ Նոր լույս

Ալտմեցը ադիգեյական անվանում է, թարգմանաբար նշանակում է «վայրի անտառ բարձունքին», այս գյուղում, սակայն, հիմնականում հայեր են ապրում

Ալտմեց լեռնային գյուղին պատմական Նոր լույս անվանումը վերադարձնելու խնդրանքով քաղաքի իշխանություններին են դիմել Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները, տեղեկացնում է EfcateՍոչի-ն։

Դա Սոչիի հինգ գյուղերից մեկն է, որը հիմնել են Թուրքիայից հայ վերաբնակները։ Ալտմեցը ադիգեյական անվանում է, թարգմանաբար նշանակում է «վայրի անտառ բարձունքին», այս գյուղում, սակայն, հիմնականում հայեր են ապրում։ Նրանք էլ առաջարկում են վերադարձնել հին անունը։ 30-ական թվականներին «Նոր լույս» էր կոչվում ծխախոտագործների արտելը, որտեղ աշխատում էին գյուղի բոլոր բնակիչները։

Քաղաքապետը հանդիպել է համայնքի ակտիվիստների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Խոսել են ոչ այնքան անցյալի, որքան ներկայի եւ ապագայի մասին։ Քննարկել են, թե ինչպես են գործերը լեռնային գյուղում, հատկապես ճանապարհներին։ Խոսել են նաեւ նոր ակումբների կառուցման եւ հների նորոգման մասին։ Խոսել են նաեւ, թե ինչպես են ամռան սեզոնին ընդառաջ իշխանությունները, իրավապահները եւ ազգային համայնքների ներկայացուցիչները միասին հետեւելու իրավակարգին քաղաքում։

«Մենք այսօր ներկայացնում ենք Սոչիի 150 հազարանոց հայ բնակչությունը։ Մենք բոլոր հասարակական կազմակերպությունների հետ շփումներ ունենք։ Երբ մենք հանրային միջոցառումներ ենք անցկացնում, անպայման հրավիրում ենք այլ համայնքների ներկայացուցիչներին»,- նշել է «Ռուսաստանի հայերի միության» տեղական բաժանմունքի նախագահ Հմայակ Ուստյանը։

Սոչիի քաղաքապետը նշել է, որ առաջիկայում մտադիր է նման հանդիպումներ անցկացնել նաեւ առողջավայրի ազգային մյուս համայնքների անդամների հետ: