Ով կփոխարինի Սանասարյանին

Բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է

Չեմ բացառում, որ հենց ես նշանակվեմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանը։

«Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին, և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության ծառայության ղեկավարը, և մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ հետո պարոն Սանասարյանը հետ կվերադառնա ու կշարունակի ղեկավարել այդ պաշտոնը, հետևաբար, այս համատեքստում ես ոչ մի բան չունեմ ասելու»,-ասաց Քյարամյանը:

Հարցին՝ որտեղի՞ց է ճանաչում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրադ Աղաջանյանին, նա հերքեց. «Չեմ ճանաչում Էդուրադ Աղաջանյանին»։

Անդրադառնալով Դավիթ Սանասարյանին ուղղված մեղադրանքներին Քյարամյանն ասաց.

«Քանի որ կա քրեական պրոցես, ես ինքս, լինելով իրավաբան, ինձ թույլ չեմ տա քրեական պրոցեսին որևէ գնահատական տալ: Ես ինքս ծանոթ չեմ գործին: Ես կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»: