Նախաքննական մարմինը դեռ աշխատանք ունի անելու, քննություն է ընթանում: ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու թեմային՝ այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում»,- ասաց նա:
Նկատառմանը, թե Դավիթ Սանասարյանն իր դեմ եղած մեղադրանքը հիմնավոր չի համարում, արդյոք ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ կասկածներ կա՞ն, Լենա Նազարյանն արձագանքեց․
«Ես որևէ մեկի հանդեպ կասկած չունեմ: Ամենահամառ բանը փաստն է, փաստեր կլինեն, կխոսեն բոլորը»,- ասաց նա՝ նշելով, որ վստահում է ԱԱԾ-ի գործողություններին:
Հարցին, թե արդյոք ՊՎԾ պետի հետ կապված սկանդալը չի՞ գցում վարչապետի վարկանիշը, Լենա Նազարյանը պատասխանեց․ «Ո՛չ, ընդհակառակը: Նախկինում էլ գուցե եղել են տարաձայնություններ, բայց դրանց վերաբերյալ հանրությունը տեղեկություն չի ունեցել: Հիմա այդ տարաձայնությունները բարձրաձայնվում են, և մենք հնարավորություն ունենք տեղյակ լինել և դատել փաստերով»:
Լենա Նազարյանը թեպետ համարում է, որ ԱԱԾ-ի կողմից քննվող քրեական գործի փաստերը հասանելի չեն, բայց մյուս կողմից նշում է, որ վստահում է ԱԱԾ-ի գործողություններին։
Այդուհանդերձ, ԱԺ փոխնախագահը պնդեց. «Մենք ասել ենք, որ կոռուպցիայի, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մարդկանց չենք բաժանելու յուրայինների, օտարների, ինչպես եղել է նախկինում։ Այդ բաժանումը չի լինելու։ Եվ կարծում եմ՝ արդեն համոզվել եք»։
Նա բացառեց, որ Դավիթ Սանասարյանի «գլխին ինչ-որ բան սարքում են»:
«Ես բացառում եմ, որ որևէ մեկի, որևէ պաշտոնյայի, այսպես ասած, գլխին կարող են գործ սարքել։ Նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ», - ասաց նա:
0Comments