Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հաստատում է՝ ԼՀԿ-ի հետ երեկվա վիճաբանությունից հետո ԼՀԿ խմբակցության ղեկավարի հետ առանձնազրույց է ունեցել։ Նա Tert.am-ի ի հետ զրույցում նշեց, որ զրուցել են ԼՀԿ խմբակցության սենյակում։
«Այս պահին ավելին չեմ կարող ասել։ Խոսել ենք միջադեպից, ինչպես պարոն Մարուքյանը նշեց՝ չենք հասկացել իրար»,- ասաց նա։
Իրենց հաշտվելու հետ կապված չի շտապում հայտարարություն անել։ Ասում է՝ ժամանակը ցույց կտա։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ հիմա կարծում է, որ նոր խորհրդարանում նման բառապաշարն ընդունելի չէ։ Բայց վստահեցրեց, եթե կրկին թիրախավորեն, կրկին փորձեն իրենց հետ երեկվա բառապաշարով խոսել, ապա 10 անգամ ավելի ուժեղ պատասխան են ստանալու։
«Մեր անկեղծ զրույցում այս մասին ասել եմ նաև մեր գործընկերներին։ Բայց հույս ունեմ, որ երբեք նման բանի մեր հասարակությունն ականատես չի լինի։ Ինձ համար էլ ընդունելի չէ նմանօրինակ հռետորիկան ու փոխհրաձգությունը երկրի կարևորագույն քաղաքական ինստիտուտում։ Մեր գործընկերների հետ զրույցում հույս եմ հայտնել, որ մեր վեճերը կլինեն քաղաքական ասելիքի ու քաղաքական բովանդակության վրա»,- ընդգծեց Հայրապետյանը։
«Իմ քայլի» պատգամավորը վստահեցրեց՝ անձամբ իրենց խմբակցությունն անձնական խնդիրները չի տարածի քաղաքական համագործակցության ու որոշումների վրա։
0Comments