Նախարարն ո՞վ է, որ պատգամավորը գնա տեսնի, նոր մտնի կալանավորի մոտ. Գևորգ Պետրոսյան

Դեպք է եղել, երբ գնում ես կալանավորված անձին տեսնելու, գիտե՞ք, որ ԱԺ պատգամավորն իրավունք ունի անարգել մտնել

Մինչ իր և գործընկերների կողմից ներկայացրած նախագիծն օրակարգում ներառելու հարցը քվեարկության դնելն ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կոչ արեց գործընկերներին կողմ քվեարկել: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որով նա առաջարկում է վարչական տուգանք սահմանել այն պետական մարմինների աշխատակիցների համար, ովքեր կխոչընդոտեն իրենց գործունեությանը:

«Դեպք է եղել, երբ գնում ես կալանավորված անձին տեսնելու, գիտե՞ք, որ ԱԺ պատգամավորն իրավունք ունի անարգել մտնել: Գնում ես, ասում են՝ նախարարին հարցնեմ, նոր թողնեմ, նախարարն անձերից վերա՞ն է, նախարարն ո՞վ է, որ պատգամավորը գնա տեսնի, նոր մտնի կալանավորին տեսնելու, սա՞ է խորհրդարանական վերահսկողությունը:

Այսինքն՝ տեղեկատվության ազատությունը մի մասն է, բազմաթիվ պահեր կան, որոնք պատգամավորի համար օրենքով երաշխավորված են, բայց ապահովված չեն, խնդրում եմ նկատի ունեցեք խնդրի լրջությունը, վերաբերում է բոլորիս: Մեր վկայական ցույց տալն ինքնանպատակ չլինի, ծառայի ժողովրդին: Խնդրում եմ, կողմ քվեարկեք գոնե օրակարգ ներառվելուն, եթե անգամ վերջում դեմ կքվեարկեք, որպեսզի կառավարությանը չնեղացնեք»:

Պատգամավորների մեծամասնությունն, այնուամենայնիվ, դեմ քվեարկեց: Այն չներառվեց օրակարգում: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` 38 կողմ,  51 դեմ: