Վարչապետին զեկուցողները կարծես արդարացնում էին գազալցակայաններում գազի թանկացումը. Պիպոյան

Պետությունը պետք է միշտ իմանա, որ եթե կա որեւէ նախագծի վերաբերյալ քննարկում, բիզնեսը միշտ նայում է, թե ինչպե՞ս է տվյալ նախագծին արձագանքում հասարակությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հստակ չի զեկուցվել հայաստանյան գազալցակայաններում գազի թանկացման խնդիրը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 5–ին NEWS.am–ի հետ  զրույցում ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Կառավարության նիստում խոսվեց գազի խտության եւ այլնի հետ կապված։ Խնդիրն այն է, որ այն գազալցակայանները, որոնք գազի իրացումը կազմակերպում էին կիլոգրամով, խտությամբ պայմանավորված չեն կարող ավելի գումար գանձել։ Կարեւորագույն պահին խոսել մի բանի մասին, ինչը առանցքային չէ, եւ ըստ էության շրջանցել առանցքային, մեխային թեման՝ այն է, թե որն է զանգվածով գազն իրացնելու առավելությունը, ուղղակի անթույլատրելի է»,–ասաց նա՝ հավելելով, որ առաջարկվող նախագծով անկախ խտությունից եւ ծավալից  կիլոգրամով վաճառելու պարագայում չեն կարող գնի հարցում մանեւրել։

Պիպոյանի խոսքով՝ խնդիրը վարչապետին զեկուցողները կարծես արդարանում էին, որ ինչ–որ տեղերում չարաշահումներ են եղել։

Ըստ նրա՝  անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ, հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին:

«Պետությունը պետք է միշտ իմանա, որ եթե կա  որեւէ նախագծի վերաբերյալ քննարկում, բիզնեսը միշտ նայում է, թե ինչպե՞ս է տվյալ նախագծին արձագանքում հասարակությունը։ Երբ  բիզնեսը  տեսնում է, որ պետությունը մի նախագիծ է բերել, որին առարկողը, ըստ էության կարող է լինել  միայն բիզնեսը, սակայն հասարակության կողմից համընդհանուր գնահատականի արժանանա, բիզնեսը չի սպասում, թե այդ նախագիծը գնացե՞լ է ԱԺ, ընդունվե՞լ է նախագիծը, թե ՝ ոչ»,–ասաց նա։

Պիպոյանի կարծիքով՝ այս գործընթացը չպետք է ազդեր ու չպետք է ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ. «Սա լավագույն ձեւն է, ըստ էության, խաբեություններից եւ հնարավոր չարաշահումներից  խուսափելու համար»,-նկատեց նա:

Ըստ փորձագետի՝ անհրաժեշտ էր նախ եւ առաջ գազալցակայաններում խստագույն հսկողություն իրականացնել, ինչը չի արվել։

Վերահսկողությունն ըստ Պիպոյանի՝ պետք է իրականացնեին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ի կառավարության նիստում հաստատվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ԱԳԼՃԿ–ներում գազն ապրիլի 1-ից վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով։

Իսկ վերջին օրերին տեղեկություններ տարածվեցին, որ ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել։  Խնդիրը կառավարության երեկվա նիստում զեկուցել էին վարչապետին, ով էլ իր հերթին հանձնարարել էր պատկան մարմիններին շատ արագ արձագանքել, գտնել ու խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, որոնք այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել: