«Գսպոյանը չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա»

Նշված տվյալները հրապարակված են Երևանի մետրոպոլիտենի պաշտոնական կայքում

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել՝ ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի այսօրվա՝ «ԱԱԾ-ն՝ մետրոպոլիտենում» հրապարակման, որտեղ ասված է.

«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Անի Գսպոյանը Երևանի մետրոպոլիտենի «շարքային աշխատող է» և զբաղեցնում է գնումների մասնագետի հաստիքը: Գսպոյանը մետրոպոլիտենում  աշխատում է  վերջին երկու տարիների ընթացքում և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ այս կամ այն գործընթացի վրա։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Անի Գսպոյանի աշխատելու ժամանակահատվածում մետրոպոլիտենն աշխատել է շահույթով․ մասնավորապես՝ 2017 թվականին Երևանի մետրոպոլիտենի շահույթը կազմել է 358․256․229 ՀՀ դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե է վճարվել   71․651․246 ՀՀ դրամ շահութահարկի գումար։ Նախնական արդյունքներով 2018 թվականին մետրոպոլիտենը ևս աշխատել է շահույթով, որը կազմում է մոտ 513 մլն ՀՀ դրամ, իսկ վճարվելիք շահութահարկը՝ մոտ 103 մլն ՀՀ դրամ։

Նշված տվյալները հրապարակված են Երևանի մետրոպոլիտենի պաշտոնական կայքում:

Այլ անձանց կողմից սուբսիդիայի տրամադրման վրա ազդեցություն ունենալու հետ կապված տեղեկատվության մասին՝ հայտնում ենք, որ սուբսիդիայի տրամադրման կարգը, ձևը և ժամկետները կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։

Լրատվամիջոցներին հորդորում ենք Մետրոպոլիտենի գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»։