«Ամենայուղոտ» տարածքները շատ ցածր արժեքով գնվել են թաղապետերի, նրանց մերձավորների կողմից

Սա ավելի շատ քննչական մարմինների դաշտում է

Յուրաքանչյուր վարչական շրջանում կան հողատարածքներ, «ամենայուղոտ» տարածքները, որոնք, այո շատ ցածր գներով գնվել են կոնկրետ թաղապետերի կամ իրենց մերձավորների կողմից: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նրա խոսքով, ցավոք սրտի, այսօր, դրանք արդեն գրանցված են, սեփականության վկայականներ ունեն. «Այս պրեցեսը շարունակական է եղել, տեւել է 20 տարի: Այսօր կան ծրագրեր, որ մենք ուզում ենք իրականացնել եւ դրան խանգարում է այդ հանգամանքը: Մենք բանակցում ենք այդ մարդկանց հետ, որպեսզի, եթե մեզ պետք է մի հողակտոր ինչ-որ ծրագրի իրականացման համար, որ զիջեն այդ հողը մեզ, մենք իրենց համանման հող մեկ ուրիշ տեղ տանք: Ցավն այն է, որ սեփականաշնորհվել են նաեւ այգիների տարածքներ, որն ամենադաժանն է: Այդ այգիների տարածքում գալիս են մարդիկ եւ փորձում են շինարարության թույլտվություն ստանալ, որը մենք, բնականաբար, մերժում ենք»,-ասաց Մարությանը՝ հավելելով, որ այդպիսի հողատարածքներ կան Նոր Նորքի այգում, Դավիթաշենի այգում:

«Գրեթե բոլոր այգիներում կան սեփական հողեր: Տարբեր մարդկանց են պատկանում: Իրենք խելացի են գտնվել, իրենց անունով չեն գրել, ինչ-որ բարեկամի, ընկերոջ անունով են գրել»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք քաղաքապետարանը չի փորձում պարզել այդ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Քանի որ տարածքները շատ են, Երեւանը բավականին մեծ քաղաք է, գործընթացը երկար է տեւում: Այո, այդպիսի պրոցես կա, մենք դատախազության հետ համատեղ աշխատում ենք: Այսինքն սկսել ենք այգիներից, գուքագրում ենք այգիները եւ դատախազության հետ նայում ենք, թե ինչ հիմքերով են տրվել, վաճառվել: Կտեսնենք արդյունքները: Սա ավելի շատ քննչական մարմինների դաշտում է: Երբ տեսնում ենք տաօրինակություն, միանգամից փոխանցում ենք իրավապահ մարմիններին»: