168.am-ը գրում է.
Ամեն ինչ զավեշտի են վերածել, անգամ պաշտոնական վիճակագրությունն են դարձրել քմահաճույքի առարկա։ Ինչպես ուզում, փոխում են, վերանայում-վերաձևում են, ավելացնում-պակասեցնում են՝ հարկ էլ չեն համարում պարզաբանում տալ։ Պաշտոնական վիճակագրությունը հասցրել են աբսուրդի։ Հարյուրավոր միլիոն դոլարներ կարող են։
Ներկայացրել էին, որ հունվար-հուլիսին Ռուսաստանից ներմուծումները Հայաստան կազմել են 7 մլրդ 430 մլն դոլար, հունվար-օգոստոսին դարձել է 7 մլրդ 51 մլն դոլար՝ մի քանի հարյուր միլիոն դոլարով պակաս։
Եթե նույնիսկ համարենք, որ օգոստոսին Ռուսաստանից ընդհանրապես ներմուծումներ չեն եղել, հունվար-հուլիսի ներմուծումներից 379 միլիոն դոլարի ապրանք կորել է, անհետացել է վիճակագրությունից։
Աբսուրդ է, բայց սա է պաշտոնական վիճակագրությունը։
Ստացվում է, որ 7 ամսում ավելի շատ ապրանք ենք ներմուծել Ռուսաստանից, քան 8 ամսում։
Ավելին՝ նախորդ շրջանի ներմուծումների մի մասն անհետացել է։ Ինչպե՞ս կարող է 7 ամսում ներմուծումը լինել 7 մլրդ 430 մլն դոլար, 8 ամսում դառնալ 7 մլրդ 51 մլն դոլար։ Ի՞նչ եղավ 379 միլիոնի ներմուծումը։
Առավել ևս՝ անիմաստ է կարծել, որ օգոստոսին ընդհանրապես ներմուծումներ չեն եղել Ռուսաստանից։
Միայն էներգակիրները բավական են մի քանի հարյուր միլիոնի ներմուծումներ ունենալու համար։
Բայց պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ 7 ամսում Ռուսաստանից ավելի շատ ներմուծումներ են եղել, քան 8 ամսում։
Եթե հավատալու լինենք պաշտոնական վիճակագրությանը, ապա հուլիս-օգոստոսին Ռուսաստանից ընդամենը 94 մլն դոլարի ներմուծումներ են արվել։
Պարզ է, որ այդպես չէ, բայց պաշտոնական վիճակագրությունն այդպես է ներկայացրել։ Ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են արել, հարկ չեն համարել անգամ մի երկու նախադասությամբ բացատրություն ներկայացնել։
Պաշտոնական վիճակագրությունը վերածել են զավեշտի։ Եվ սա միայն այս ցուցանիշին չի վերաբերում։
Փոխել են նաև որոշ ապրանքների, մասնավորապես՝ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ներմուծման ցուցանիշները։ Այստեղ էլ, պարզվում է, հունվար-հուլիսին ավելի շատ ներմուծում է եղել, քան հունվար-օգոստոսին։
8 ամսում ներմուծումը 490 միլիոնով պակաս է եղել, քան 7 ամսում։
Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվար-հուլիսին ներմուծումը կազմել է շուրջ 6 մլրդ 411 մլն դոլար, հունվար-օգոստոսին դարձել է 5 մլրդ 921 մլն դոլար։
Ո՞ւր կորավ 490 մլն դոլարը։
Այս աբսուրդին մեկ բացատրություն կարող է լինել. Այնքան են խճճվել իրենց վիճակագրական աճպարարությունների մեջ, որ չեն կարողանում դուրս գալ։
Այդպիսի աճպարարություններով էլ վերջին տարիներին «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճեր են ներկայացրել, չեղած աճեր։ Պատահական չէ, որ վերջերս ստիպված էին որոշ վերանայումներ անել։ Վերանայեցին անցած տարվա տնտեսական աճը և նախկինում ներկայացրած 8,7 տոկոսը դարձրեցին 8,3 տոկոս։ Այս տարվա սկզբին էլ էին բարձր աճեր ներկայացնում։ Հետո պարզվեց՝ նկարված աճեր են։ Նման աճեր չկան։ Ստիպված վերանայեցին ու նվազեցրեցին։
Այնպես չէ, որ մինչ այդ չգիտեին, որ ցուցանիշները խեղաթյուրված են։ Գիտեին, բայց շարունակում էին խեղաթյուրել իրականությունը, կեղծ ազդակներ հաղորդել։
Հիմա էլ հավանաբար անցել են ներմուծումներին, որոնց վրա էին նստած արձանագրվող տնտեսական բարձր աճերը։ Վերանայում-փոխում են։ Ու դա այնպիսի անփութությամբ են անում, որ աբսուրդային պատկեր է ստացվում։
Պաշտոնական վիճակագրությունը զավեշտի են վերածել։ Բայց սա նոր բան չէ։
Անցած տարվա վերջից էլ ոսկերգործության մեջ սկսեցին անհավանական աճեր արձանագրել՝ մինչև անգամ 13-14 անգամ։ Հասկացողները՝ հասկանում էին, որ կարճ ժամանակում նման աճեր հնարավոր չեն։ Այդպիսի հզորություններ Հայաստանում ոչ միայն չկան, այլև վերջին շրջանում չեն ստեղծվել, որպեսզի հնարավոր լիներ անգամներով աճեր ապահովել։ Ռուսական ոսկին Հայաստանի անունից արտահանում էին ու ներկայացնում որպես հայկական արտադրանք՝ չեղած տեղից ոսկեգործության ու տնտեսության բարձր աճեր ցույց տալով։
Այս կեղծիքը քողարկելու համար ստիպված էին ներմուծվող-արտահանվող ոսկին հանել ոսկեգործության ցուցանիշներից ու «թաքցնել» հիմնային մետաղների տակ։
Դրանից հետո, ոսկեգործության անգամներով աճերն ինչպես հայտնվեցին, այնպես էլ մի գեղեցիկ օր անհետացան։ Փոխարենը՝ անգամներով սկսեց աճել հիմնային մետաղների արտադրությունը, բայց նույն ռուսական ոսկու վերաարտահանումների շնորհիվ, որը Հայաստանի տնտեսության հետ բացարձակ կապ չուներ։Կապ չուներ, բայց այդպես էին ներկայացնում։
Այսօր էլ շարունակում են ներկայացնել տնտեսական աճի ցուցանիշներում։ Ու եթե մաղեն այդ գործոնի ազդեցությունը, կարող է պարզվել, որ տնտեսությունը, առավել ևս՝ արդյունաբերությունն անկումային է։ Զարմանալի չէ, որ երբ ոսկեգործությունից հանեցին ոսկու վերաարտահանումները, բացահայտվեց ոլորտի իրական պատկերը։ Այն գտնվում է խորը անկման մեջ։ Արտադրության ծավալներն ութ ամսում գրեթե 17 տոկոսով նվազել են։ Օգոստոսին, նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը հասել է ընդհուպ 24 տոկոսի։ Այնինչ՝ մինչև ոսկու վերաարտահանումները հանելը ոսկեգործության աճերն անգամներով էին։
Հիմա էլ հիմնային մետաղների ցուցանիշներն են անգամներով աճել։ Չնայած վերջին ամիսներին աճերը սկսել են հետ գնալ։ Այնպես, ինչպես հետ են գնում Ռուսաստանից ներմուծումների անգամներով աճերը։ Եթե տարեսկզբի 7 ամիսներին ներմուծումը Ռուսաստանից ավելացել էր 4,5 անգամ, 8 ամսում դարձել է 3,7 անգամ։
Պաշտոնական վիճակագրությունը համալիր «թարմացումների» մեջ է։ Հանել են նաև ավտոմեքենաների արտադրությանը վերաբերող ցուցանիշը։ Մինչև վերջերս այն կար, հիմա չկա։ Հայաստանում այլևս ավտոմեքենա չի արտադրվում։ «Հայկական ավտոմեքենաշինությունը», որի հետ կապված մի ժամանակ հեքիաթներ էին հյուսում, չծնված՝ մեռավ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
0Comments